ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանի համոզմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի առաջիկա այցը Հայաստան ոչ մի կերպ չի անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա:
«Ոչինչ պետք չէ սպասել: Նրա` Հայաստան գալու առիթը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ: Երևանում անցկացվելիք Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նրա որոշումը
ինչ-որ չափով պայմանավորված է խաբկանք ստեղծելու Թուրքիայի փորձով, փորձում են ցույց տալ, թե հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ գործընթաց կա: Բայց իրականում ոչինչ չկա, միայն փորձում են տպավորություն ստեղծել»,- Aravot.am-ին ասաց պարոն Մանոյանը:
Նա չի կիսում շրջանառվող տեսակետները, թե Դավութօղլուի` Հայաստան գալը արտահայտում է նաեւ Թուրքիայի անհանգստությունը տարածաշրջանում դիրքերը թուլացնելու վերաբերյալ: Թուրք արտգործնախարարի այցը պարոն Մանոյանը չի պայմանավորում նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Անդրկովկասում Ռուսաստանի դիրքերը ամրապնդելու վերջերս կատարած հայտարարությամբ:
Կարդացեք նաև
Պարոն Մանոյանի խոսքով, Դավութօղլուի այցը չի անդրադառնա նաեւ հայ-թուրքական արձանագրությունների վրա. «Պետք է անդրադառնա այնքանով, որ մեր իշխանությունները մի անգամ էլ հիշեն, որ առաջընթաց չկա եւ արձանագրություններից ստորագրությունները հետ կանչեն»:
Նա նաեւ ասաց, որ Դավութօղլուի` այցից առաջ թուրքական «Սաբահ» օրաթերթում ազատագրված 2 տարածքի վերադարձման պայմանավորվածության մասին հրապարակումը նույնպես հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացի իմիտացիա ստեղծելու փորձ էր:
«Հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի կողմից նախապայմանները կան, բայց դրանց մասին չեն խոսելու… Եվ սա ընդհանրապես Հայաստան այց չէ, այլ մի ժողով, որն ընդամենը Հայաստանում է անցկացվելու, նույնն է` Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժողովին Իրանի նախագահը մասնակցում է, բայց դա չի նշանակում, որ իրանական-ամերիկյան հարաբերությունների հարց է քննարկվելու»:
Ինչ վերաբերում է նախօրեին Թբիլիսիում հայ եւ թուրք դերասանների միջեւ ամենաերկար ձեռքսեղմումին, պարոն Մանոյանն ասաց. «Գինեսի գրքում գրանցվելու համար ինչ ասես չեն անի, բայց դա ոչ մի կապ չունի Դավութօղլուի այցի, հայ-թուրքական հարաբերությունների հետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ