Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի շենքի սպասարկման վարձերը չեն բարձրանա, չնայած էլէներգիան թանկացել է

Դեկտեմբեր 09,2013 16:32

Այսօր Մամուլի շենք այցելած պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ուժի մե՞ջ է Մամուլի շենքի տարածքները հին «բնակիչներին», մասնավորապես լրատվամիջոցներին սեփականաշնորհելու պետության մտադրությունը:

«Ոչ մի նման խոսակցություն չկա, ժամանակին կարող է մտադրություն եղել է, բայց այս պահին չկա»,-ասաց պարոն Սահակյանը:

Նրան հարցրեցինք նաեւ, թե հնարավո՞ր է ամբողջ շենքը հանձնեն սեփականաշնորհման: Ըստ վարչության պետի, այդպիսի մտադրություն էլ ներկա պահին պետգույքը չունի. «Որովհետեւ մենք փորձում ենք ամեն ինչ անել Մամուլի շենքի համար: Հետագայում կփորձենք նաեւ այլ աշխատանքներ իրականացնել: Սանհանգույցներ են վերանորոգվել, ջրամղիչ նոր սարք է տեղադրվել, տանիքի հետ կապված աշխատանքներ են տարվել եւ այլն»:

Անցյալ տարի պետգույքը բարձրացրեց Մամուլի շենքի սպասարկման վարձավճարները` 250 դրամից դարձնելով 500 դրամ: Դեռ այն ժամանակ պարոն Սահակյանը վստահեցնում էր, որ նույնիսկ այդ դեպքում շենքի ծախսերը չեն փակվում եւ որ իրենց հաշվարկներով այսօր սպասարկում հնարավոր է իրականացնել մոտ 1200-1300 դրամով: Մեր հարցին, թե համատարած գնաճի պայմաններում, երբ գազի թանկացման պատճառով նաեւ էլեկտրաէներգիայի գինը բարձրացավ, հնարավո՞ր է սպասարկման վարձերն էլ թանկանան, վարչության պետն ասաց, որ` ոչ, այս պահին նման խոսակցություն չկա եւ չի էլ կարող լինել. «Մենք փորձելու ենք  ամեն ինչ անել, որ ոչ մի բարձրացում չլինի»:

Այն հարցին էլ, թե Մամուլի շենքի բակը վերածվել է ավտոկայանատեղիի եւ այլ տարածքների ավտոմեքենաները նույնպես այդ բակում են կայանում, Արման Սահակյանն ասաց, որ նախատեսում են ամեն լրատվամիջոցի համար իր օգտագործելի տարածքը հատկացնել. «Չնայած այդ տարածքը մեզ չի պատկանում, համայնքային տարածք է, բայց ես ինքս էլ փորձելու եմ խնդրել Երեւանի քաղաքապետին, որ այդ հարցը լուծվի»:

Պարոն Սահակյանը մամուլի շենք էր այցելել` նոր վերելակի, որը պետության համար արժեցել է 23 միլիոն դրամ, շահագործման աշխատանքներին ծանոթանալու:

Նրա խոսքերով, ի սկզբանե նախատեսված էր վերելակի ծախսի 50 տոկոսը Մամուլի շենքի «բնակիչների» ուժերով անել, սակայն ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ ամբողջությամբ պետբյուջեի հաշվին է վերելակը տեղադրվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031