Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ողջունում է Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի նորովի գործունեությունը, իսկ ՀԱԿ-ում…

Դեկտեմբեր 09,2013 16:23

«Հասնելու ենք նրան, որ Սերժ Սարգսյանը եւ իր թիմը չեն լինելու իշխանություն: Սերժ Սարգսյանի հրաժարականը ոչ թե պահանջելու ենք, այլ հասնելու ենք իշխանափոխության, եւ հասնելու ենք նրան, որ Հայաստանում լինեն ազատ եւ արդար թափանցիկ ընտրություններ եւ ստանալու ենք ՀՀ քաղաքացիների վստահության քվեն: Եվ ես կարող եմ ասել, որ «Քաղաքացիական պայմանագրի» կարեւորագույն խնդիրն այն , է, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմը չեն լինելու իշխանության եւ նրանք չեն ունենալու այն, ինչ հիմա ունեն»,- այսօր «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամների հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով հարցին, պատրաստվո՞ւմ են նախաձեռնության անդամները պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս են վերաբերվում հին եւ հայտնի անձանցով այս նոր նախաձեռնությանը եւ արդյոք իշխանության համար սպառնալիք տեսնո՞ւմ են, հարցերին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց, որ նախաձեռնությունը տակավին նշմարվող է, թեպետ նրա ձեւավորման մասին շշուկներ վաղուց կային, ուստի վաղ է որեւէ գնահատական հնչեցնել:

Մեր զրուցակիցը ուշադրությամբ հետեւել է մամուլի ասուլիսին եւ բանախոսների շեշտադրումները՝ քաղաքակիրթ պայքարի, կառուցողական դաշտում որոշակի խնդիրների բարձրաձայնման, քննարկման եւ այլնի մասին՝ իր վրա դրական տպավորություն են թողել. «Միգուցե առաջին տպավորությունն էր: Հարցազրույցներում ակտիվիստները նշում էին, որ ամեն գնով ամեն ինչ վատաբանելը չէ, այլ, ըստ իրենց պատկերացումների, կառուցողական դաշտում երկրում իրավիճակ փոխելն է. եթե պիտի օգնեն, որ երկրում իրավիճակը փոխենք ավելի լավը, մենք, իհարկե, դեմ չենք: Բայց, քանի որ դեռ սաղմնային վիճակում է, հետագայի հետ կապված որոշակի բան չկա, ուստի ավելին այս պահին ձեռնպահ կմնամ ասել»:

Ինչ մնում է Նիկոլ Փաշինյանի ասածներին, մեր զրուցակցին դրանք չեն զարմացնում՝ երկու պատճառով: Նախ, Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը նոր չէ, երկրորդ՝ առկա տնտեսական եւ սոցիալական իրավիճակում ընդդիմադիր խոսքն ավելի լավ է ընկալվում, առավել եւս նման շեշտադրումները, որոնք առավել հնչեղ են. «Քաղաքացիական պայմանագիրը» այդ իմաստով չբացահայտեց Նիկոլ Փաշինյանի խոսքի ու ելույթների էությունն ու բովանդակությունը: Ընդհանրապես, նախաձեռնությունում հավաքված մարդիկ, այդ կառույցում շերտավորումը մի փոքր բազմազան է, տարբեր դաշտերի մարդիկ են համախմբված. որոշներին նաեւ ճանաչելով, որոշների հետ երիտասարդ տարիներին՝ ՀՀԿ-երիտթեւում ընդգրկված ժամանակները հիշելով, այդ պատճառով, ես սուբյեկտիվ, միգուցե նաեւ որոշակիորեն օբյեկտիվ պատճառով, այս պահին այդ կառույցի մասին ավելին չեմ խոսի: Թե հետագայում ի՞նչ կլինի, ո՞ւր կտանեն, ի՞նչ ձեւաչափով կգնա հարցերի քննարկումը, նոր, առավել ամբողջական գնահատական կտանք: Այս պահին, մենք, որպես ՀՀ-ի անկախության եւ պետականության ակունքներում կանգնած թիմ, ցանկացած առողջ ձեւավորման, որը կբերի մեր պետության ներսում դրական քայլ ու գործողություն, միայն կարող ենք ողջունել»:
Aravot.am-ը փորձեց նաեւ ՀԱԿ-ից մեկնաբանություններ ստանալ այն մասին, թե ինչպե՞ս են վերաբերվում իրենց նախկին թիմակիցների նոր գործունեությանը, սակայն, ՀԱԿ-ում երթի նախապատրաստական աշխատանքներ են գնում ու այդ պատճառով ՀԱԿ-ականները անհասանելի էին մեկնաբանությունների համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031