Այսօր «Տեսակետ» ակումբում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը խոսեց դեկտեմբերի 9-ի` ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման օրվա մասին:
65 տարի առաջ, այս օրը ՄԱԿ-ը ընդունեց ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ նրա պատժի կոնվենցիան, ինչն ըստ Սուրեն Մանուկյանի`մեծ աղերսներով կապված է հայերի հետ: «Սա այն եզակի միջազգային կոնվենցիան է, որ մենք, հայերս ունենք կենտրոնական դեր: Այս կոնվենցիայի հեղինակը ազգությամբ լեհ Ռաֆայել Լեմկինն է, որը ուսանող հասակում, քսանական թվականներին, Բեռլինում լսելով Սողոմոն Թեհլերյանի դատավարության մասին, ցնցվում է, ինքն իրեն հարց տալիս, թե ինչու մեկ մարդու սպանողը ունի իրավաբանական բնորոշում, իսկ ազգի սպանությունը` ոչ»,- ասաց Սուրեն Մանուկյանը:
Ռաֆայել Լեմկինը իր ինքնակենսագրականում գրում է, որ այդ օրվանից որոշում է դառնալ իրավաբան ու խնդրին լուծում տալ: Սուրեն Մանուկյանը վստահեցրեց, որ ցեղասպանության կոնվենցիան Լեմկինի կյանքի գործունեության շնորհիվ է իրավաբանական տեսք ստացել: Իր ինքնակենսագրականում նա նաեւ գրում է` «Երբ ես նկարագրում էի այս հասկացությունը` հիմք վերցրեցի այն, ինչ են արել թուրքերը հայերի հետ»:
Սուրեն Մանուկյանը նշում է`երկար տարիների ընթացքում այս կոնվենցիան չի գործադրվել, շատ երկրներ այն չէին վավերացնում, այդ թվում եւ ԱՄՆ-ն, որն էլ վավերացրեց կոնվենցիան միայն 1988 թվականին:
Կարդացեք նաև
Հայաստանը անկախության օրվանից ձեռնամուխ եղավ այս կոնվենցիայի գործադրմանը: 1998 թվականին կոնվենցիայի 50-ամյակի առիթով Հայաստանը նոր բանաձեւ առաջ քաշեց նրանում ու դա կրկնվեց մի քանի անգամ, մինչեւ այս տարվա բանաձեւը, որը շեշտում էր, առաջարկում ստեղծել ցեղասպանության կանխարգելման պաշտոնյաների ինստիտուտ, կոչ անելով հատուկ ուշադրություն դարձնել ցեղասպանության զոհերի օրը եւ այլն: Այս բոլոր առաջարկություններով հանդերձ, Հայաստանը միացել է նաեւ «Պաշտպանելու պատասխանատվություն» բանաձեւին, որով էլ պարտավորվում է պաշտպանել իր պետությունը:
«46 թվականին, երբ Լեմկինն առաջարկում է ՄԱԿ-ին ընդունել կոնվենցիան, կից գրությամբ նշում է, որ ցեղասպանությունը այն է, ինչ թուրքերն արեցին հայերի հետ, իսկ նացիստները`հրեաների հետ»:
Սուրեն Մանուկյանը անդրադարձավ նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին ու նշեց, որ այս տարի, բացի ամենօրյա աշխատանքից, ունեցել են կարեւոր նվաճում, տպագրվել է ցեղասպանագիտական հանդեսը, բացի այդ`ԵՊՀ-ում թանգարանի հետ համատեղ, լինելու է առանձին մասնագիտություն ու այն գրադարանը, որը ամփոփված է թանգարան-ինստիտուտում, լավագույնն է: Իսկ 2015 թիվը` ըստ փոխտնօրենի, մեկնարկային է լինելու:
«Այս տարի թանգարան-ինստիտուտը վերանորոգման մեջ է, այն նոյեմբեր ամսից փակ է ու դեռ այդպես կմնա հավանաբար մինչեւ 2014 թվականի վերջը, սակայն ապրիլի 24-ին, այդ օրը թանգարանի մի հատվածում ցուցադրություն կլինի, իսկ 2015 թվականին՝ արդեն ամբողջական նոր ցուցադրություն եւ թանգարանի տարածքը կմեծանա երկուսուկես անգամ»,- տեղեկացրեց Սուրեն Մանուկյանը:
Խոսելով Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարելիք այցի մասին, ասաց, որ Թուրքիան միշտ շարունակելու է իր շոուն իրականացնել, աշխարհին ցույց տալու համար, թե ինչ-որ քայլեր է անում ու Դավութօղլուի այցը դրա հետ կապված չէ: Խնդիրը հետեւյալն է`«Արդյոք այդ շոուն արդյունք կտա թե ոչ, իսկ դա մեզանից է կախված: Հաշտեցման գործընթացի կարելի է գնալ, բայց դա ինքնանպատակ չէ: Դավութօղլուն գալիս է շոու անելու, բայց շատ բան կախված է մեր լրագրողներից, որովհետեւ հիմնական շոուն անում են լրագրողները՝ սենսացիաների հետեւից ընկնելով: Դավութօղլուն կարող է արտահայտություններ անել սենսացիաների համար, բայց դրանք կարող են ոչ մի տեղ չհասնել, եթե մեր լրագրողները պայմանավորվեն այն չտարածել, որովհետեւ դա բացարձակ սուտ է, որովհետեւ բացարձակ սուտ տարածելը լրագրողի պարտականությունը չէ»,- եզրափակեց Սուրեն Մանուկյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ