Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է Սայաթ-Նովա 10-12 հասցեի 50 տարվա շենքերը քանդել տան» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2013 15:01

Մեկ շաբաթ առաջ Սայաթ-Նովա 10-12 հասցեում ընթացող շինարարության արդյունքում տեղանքում սողանքներ են սկսվել: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց բնակիչների շահերը ներկայացնող փաստաբան Ալբերտ Կանդալյանը: Նրա ներկայացմամբ` մեկ շաբաթ առաջ փորած «կատլավանի» պատճառով փլուզում է տեղի ունեցել, իսկ ոլորտի պատասխանատու պետական մարմինները իրարամերժ պատասխաններ են տալիս. մեկ` նշում են, որ տեղանքում շինարարությունը խախտումներով է տեղի ունենում, մեկ էլ` այլ բան:

Հիշեցնենք, որ այս հասցեում շինարարությունը կատարում է «Լարկո գրուպը», իսկ բնակիչներն արդեն մի քանի ամիս է պայքարում են այն արգելելու համար:

Aravot.am-ի այն հարցին, թե անկախ փորձագիտություն կատարվե՞լ է, որ շինարարությամբ տեղանքի շենքերի սեյսմակայունությունն է վտանգված եւ սողանքներ են առաջանում, պարոն Կանդալյանն ասաց, որ չցանկանալով բնակիչներին մեծ ծախսերի տակ գցել, անկախ փորձաքննություն չեն հրավիրել, սակայն ինքը փորձելու է դատարանում միջնորդություն ներկայացնել, որպեսզի փորձաքննություն կատարվի:

Մանրամասն` տեսանյութում

Պարոն Կանդալյանի խոսքերով` սկզբում հրշեջ ծառայությունը պատասխանել է, որ այդ տարածքում կատարվող շինարարությունը խնդիրներ է առաջացնում. «1-ին գրությամբ հրշեջն ասել է` առկա են խախտումներ, 2-րդ գրությունը, քաղաքապետարանի պատվերով, պատասխանել են` առկա են խախտումներ, բայց ոչ թե նոր կառուցվող շենքից, այլ` արդեն կառուցված շենքերից` Թումանյան -2 անցուղի 5ա տունը, Սայաթ-Նովա 10-12 շենքերը, որոնք 50-ից ավելի տարի է կառուցված են: Կարո՞ղ է մի օր էլ էդ տները քանդել տան»:

Պարոն Կանդալյանի ներկայացմամբ` արտակարգ իրավիճակների նախարարությունից պատասխանել են, որ սողանքներ կան, բայց դրանք առայժմ վտանգ չեն ներկայացնում բնակիչների եւ շենքերի համար:

Ասուլիսի մեկ այլ մասնակցի` Ալբերտ Սարգսյանի խոսքերով էլ` անհասկանալի է մինչ օրս երեւույթին չարձագանքած Երեւանի գլխավոր ճարտարապետի պահվածքը. «Բոլորը պատասխան են տվել, մի հատ էլ թող ինքը պատասխանի, իր դիրքորոշումն ենք ուզում լսել, թող ասի` կամ նորմաների մեջ է, կամ` ոչ: Պարոն ճարտարապետ, ինչո՞ւ եք պասիվ դիրք ընդունել»:

Վերոնշյալ հասցեի բնակիչներից մեկն էլ՝ Անդրանիկ Մանուկյանը, ցույց տվեց մի հատակագիծ, որով, ինչպես պարոն Մանուկյանն ասաց` շինարարության տեղում նախատեսված է եղել կանաչապատում իրականացնել:

Բնակիչների փաստաբանն ասաց նաեւ, որ դիմել են դատարան, Երեւանի քաղաքապետարանի` շինարարության վերաբերյալ թույլտվությունը անվավեր ճանաչելու համար, այսինքն, քաղաքապետարանը օրենքով սահմանված ժամկետում քաղաքացիների դիմումներին չպատասխանելով, արդեն իսկ իր որոշումն անվավեր է ճանաչել, ուրեմն դատարանը թող հաստատի, որ քաղաքապետարանն իր իսկ գործողություններով իր որոշումն անվավեր է ընդունել:

Փաստաբանի ներկայացմամբ, դեռեւս պարզ չէ՝ դատարանը վարույթ կընդունի՞, թե՞ ոչ, քանի որ պատասխանելու համար նախատեսված ժամկետը դեռ չի լրացել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031