Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակեց Պաշտպանի արտահերթ զեկույցը՝ արդար դատաքննության վերաբերյալ:
Քանի որ զեկույցում լրջագույն մեղադրանքներ կային դատական համակարգի կոռումպացվածության վերաբերյալ, մեկնաբանության համար դիմեցինք ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանին: Զեկույցի նախաբանում տեղ էր գտել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետեւյալ միտքը՝ «Եթե Վճռաբեկ դատարանի եւ նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ:
Վերջապես, եթե այդ երեք նախագահներն արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաեւ օլիգարխներ ստեղծելու եւ պահելու այլ եղանակների հետ»: Մեկնաբանելով սա, Արսեն Բաբայանն ասաց. «Այս հայտարարությունը չափազանց անլուրջ է՝ հաշվի առնելով, որ Վճռաբեկ դատարանում գործում է դատավարության կոլեգիալ կազմ, բոլոր որոշումները կոլեգիալ են կայացնում, եւ այս պարագայում անուններ հրապարակելը ոչ կոռեկտ է, ոչ էլ իրավական առումով՝ հիմնավորված»:
Ինչ վերաբերվում է զեկույցում ներառած «դատական կաշառքի սակագներին», ըստ Ա. Բաբայանի. «Հրապարակված են անհասկանալի սակագներ, եւ հենց այդ պատճառով էի ես գնացել ՄԻՊ զեկույցի հրապարակմանը, որպեսզի ինքս տեղում փորձեմ հասկանալ հրապարակված տեղեկությունների մեթոդաբանությունը, , թե ինչպե՞ս են հավաքվել այդ տեղեկությունները, արդյոք մասնագիտակա՞ն ուսումնասիրություններ են, ո՞ր կազմակերպությունն է իրականացրել, ի՞նչ անձանց շրջանում եւ այլն: Այսինքն, այս ամբողջ տեղեկատվության հիմքերն էի ուզում հասկանալ, ինչը թույլ կտար մեզ նաեւ հետագայում վերլուծել այս զեկույցը, սակայն ոչ մի հարցի պատասխան չստացանք, քանի որ Կարեն Անդրեասյանը ուղղակի արգելեց ինձ՝ մասնակցել հրապարակմանը: Պատճառաբանությունը երկուսն էր, նախ, որ դա միայն լրագրողների համար է, ապա, որ ինքը իմ ներկայությունից ճնշվում է, ինչը քրեական օրենսգրքով նախատեսված արարք է՝ Մարդու իրավունքների պաշտպանին ճնշելը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է զեկույցում տեղ գտած այլ բացահայտումների, օրինակ, «զոնալ դատավոր» եզրույթը եւ այլն, ապա, ըստ Արսեն Բաբայանի՝ «Կարեն Անդրեասյանի մտքով ինչ անցնի, կարող է դնել հրապարակել: Բայց հենց դա էր պատճառը, որ ես գնացել էի, ցանկանալով մասնակցել հրապարկմանը, որպեսզի տեսնենք, եթե իսկապես մտահոգիչ իրավիճակ կա, ապա փորձենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը, գոնե մեթոդաբանությունը հասկանայինք, ինչպես են արվել ուսումնասիրությունները, ինչ քայլեր պետք է անենք եւ այլն, սակայն այնքանով եմ այս ամենը անլուրջ համարում, որ ինձ զրկեցին մասնակցել եւ հարցեր ուղղել զեկույցի հեղինակներին»:
Մեր հարցին՝ կարծում եք, զեկույցում հերյուրանքնե՞ր են, պարոն Բաբայանը պատասխանեց. «Ես նման բան չեմ պնդում, ես ուղղակի ուզում եմ հասկանալ, թե դրանք ինչ տեղեկություններ են, ինչ անձանց շրջանակում է արվել, եւ վերջապես, եթե ասվում է, որ կան կաշառքի դեպքեր, եւ անգամ նշվում է գումարի կոնկրետ չափ, ապա ինչո՞ւ իրավապահներին չեն ուղարկվել պատշաճ հաղորդում»:
Այսինքն, չե՞ք ժխտում, որ արդարադատության համակարգում կան կոռուպցիոն դրսեւորումներ, մեր այս հարցին էլ պարոն Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ ժխտում ոչինչ եւ չեմ հաստատում ոչինչ: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, թե որքանո՞վ են արդարացի այդ զեկույցում տեղ գտած տեղեկությունները, եւ իրակա՞ն են, թե՞ ոչ»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ