Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻՊ զեկույցում ներկայացված են կաշառքի սակագները եւ «զոնալ դատավորների» ինստիտուտը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2013 14:05

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը՝ արդար դատաքննության վերաբերյալ: 

Այսօր Պաշտպանի գրասենյակում կայացավ զեկույցի ներկայացումը: Պաշտպանն անձամբ մակագրում էր զեկույցը եւ նվիրում լրագրողներին, սակայն չմասնակցեց դրան հաջորդած ասուլիսին, որի հիմնական բանախոսը զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, ՄԻՊ տեղակալ Գենյա Պետրոսյանն էր:

Պաշտպանի մակագրությունը հետեւյալն էր.«Հարգելի …, Ձեր իրավունքների խախտման հիմնական պատճառը, մեղավորները եւ ապացույցները ներկայացված են այս զեկույցում: Խնդրանքս մեկն է. Կենտրոնանանք այս ցավոտ խնդրի վրա»:

Իսկ նախաբանի փոխարեն ՀՀ մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանի հետեւյալ գրառումն էր. «Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երեւանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, «Փակ» շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի ՀԷԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի եւ այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում:

Եթե Վճռաբեկ դատարանի եւ նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք նախագահներն արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաեւ օլիգարխներ ստեղծելու եւ պահելու այլ եղանակների հետ»:

Համաձայնեք, որ բավականին սուր նախաբան է՝ լուրջ մեղադրանքներով:
Մեղադրանքները ավելի լայն թափով շարունակվում են զեկույցում: Մասնավորապես, բերվում են դատական կաշառքի սակագները՝ առաջին ատյանում՝ 500-ից 10 հազար դոլար, Վերաքննիչ դատարանում՝ 2000- ից մինչեւ 15 հազար դոլար, Վճռաբեկում՝ 10-50 հազար դոլար: Բերվում են մեխանիզմները, թե ինչպես է կաշառքը տեղ հասնում: Մեջբերված են տարբեր դատավորների՝ օմբուդսմենին «գաղտնի տեղեկացումներից», ներկայացված է «զոնալ դատավորի» ինստիտուտը՝ Վճռաբեկ դատարաններն, ըստ զեկույցի, ունեն իրենց կցված եւ վերահսկվող դատավորներ, որոնք պետք է իրենց գործողությունների մասին տեղյակ պահեն իրենց «զոնալ դատավորներին»:

Զեկույցում ներառված են նաեւ հատվածներ տարբեր գործերից, արդարադատության խորհրդի որոշումներ եւ այլն:

Ակնհայտորեն, այս զեկույցը մեծ աղմուկի պատճառ է դառնալու:

Այս կապակցությամբ «Առավոտի» հետ զրույցում զեկույցը մշակող խմբի ղեկավար Գենյա Պետրոսյանը, մեր հարցին՝ չե՞ք վախենում, որ ձեզ մեղադրելու են «պատվեր կատարելու» մեջ, պատասխանեց. «Մենք պատրաստ ենք ամեն տեսակի արձագանքի, կարեւորը, որ զեկույցը փաստարկված է»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մենք զեկույցի վերաբերյալ հարցրեցինք նաեւ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի կարծիքը:

Պարզվեց, պարոն Բաբայանին Պաշտպանն անձամբ է նվիրել այդ զեկույցը, սակայն այսօր, երբ Ա. Բաբայանը ցանկացել է ներկա գտնվել զեկույցի հրապարակմանը, Պաշտպանը դեմ է եղել, ասելով, որ միջոցառումը նախատեսված է միայն լրագրողների համար:
Արսեն Բաբայանի հետ զրույցի մանրամասները՝ քիչ ավելի ուշ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031