Մայրաքաղաքում դեկտեմբերի 8 ին տեղացած առաջին ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից տեղումների սկզբից ևեթ սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավված են ընդհանուր թվով 126 միավոր ձյուն մաքրող, աղցան, մայթ մաքրող և այլ մասնագիտացած մեքենամեխանիզմներ:
Գործընթացը շարունակվել է նաև գիշերային ժամերին: Առավոտյան տվյալներով՝ մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 167 տոննա աղ և ավելի քան 462 խ/մ ավազ։ Ներկայում, փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ, համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով մայրաքաղաքի հատկապես բարձրադիր վարչական շրջաններում, որտեղ տեղումներն ավելի առատ են եղել, ընթանում են նաև շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ։Աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն