Հայաստանում էներգախնայողության վերաբերյալ կան մշակված օրենքներ, ծրագրեր բոլոր ուղղություններով , բայց այդ ամենն առայժմ միայն թղթի վրա է եղել։ Այժմ կան արդեն հստակ ծրագրեր և այդ ոլորտում կատարվելու են շատ լուրջ ներդրումներ առաջիկա 3 տարիների ընթացքում։ Այս մասին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը «Սևծովյան ավազանի երկրների շենքերի էներգախնայողության» նախագծի քննարկման ժամանակ, որը տեղի ունեցավ այսօր Երևանի Ամերիկյան համալսարանի «Մանուկյան» սրահում։ Ա. Գալստյանն ավելացրեց, որ այդ ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրամիության կողմից։
Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը էներգախնայողության ոլորտում ունի 20% պոտենցիալ, ինչ նա ֆանտաստիկ թիվ է համարում Հայաստանի համար։
ՎԶԵԲ կայուն էներգիայի ֆինանսական ծրագրի ղեկավար Կարեն Արաբյանը նշեց, որ այս ծրագրի ամրապնդման համար մշակվել է հատուկ վարկային գիծ։ Այն մարդիկ, որոնք կցանկանան անցնել իրենց բնակարանի ջեռուցման էներգախնայող ռեժիմին, կստանան 10% գրանտ։ Նա ավելացրեց , որ ծրագրով սահմանված չէ առավելագույն կամ նվազագույն տոկոսադրույք։ Այս հարցը թողնված է բանկերի հայեցողությանը։
Կ. Արաբյանը նշեց, որ իրենք ծրագրի շրջանակներում համագործակցում են մի քանի բանկերի հետ, որոնց թվում է «ԱԿԲԱ– Կրեդիտ Ագրիկոլ» բանկը:
Կարդացեք նաև
«ԱԿԲԱ– Կրեդիտ Ագրիկոլ» բանկի ներկայացուցիչ Էլիզա Հարությունյանը նշեց, որ բանկը 2006 թվականից համագործակցում է «Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության» հիմնադրամի հետ և այժմ արդեն 8000 բնակիչ անցել է ջեռուցման էներգախնայող ռեժիմին, նա ավելացրեց, որ բանկը այս ծրագրի շրջանակներում շարունակելու է իր համագործակցությունը այդ ոլորտում։
Զառա ԱՍԿԱՐՅԱՆ