Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը «Հայկական կինոյի զարգացման միջազգային միտումները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց, որ իրեն որպես «Հայկ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար՝ հատուկ հրավեր չի ուղարկվել: Մինչդեռ կազմակերպիչները հավաստիացրին, որ նրան զանգահարել ու հրավիրել են:
Պարոն Գեւորգյանցը նշեց, որ «Հայկ» ստուդիան արդեն 20 տարի է՝ փորձում է համատեղ արտադրությամբ աշխատել, օրինակ CNC-ի հետ ցեղասպանության մասին ֆիլմ են նկարում, Չինաստանի հետ են համատեղ ֆիլմեր արտադրել, այժմ կենտրոնացած են Չիլիի եւ Իսպանիայի վրա:
Նա նաեւ դժգոհեց, որ պետությունը տարեկան $70000 գումար է հատկացնում 15-20 ֆիլմի համար, ինչը չի կարող լուրջ երաշխիք լինել համատեղ համագործակցություն սկսելու համար:
Լրագրողի հարցին ի պատասխան՝ կա՞ն, օրինակ, հայ-չինական արտադրության ավարտված ֆիլմեր, եւ որտե՞ղ են դրանք ցուցադրվում, Ռուբեն Գեւորգյանցը հեգնեց՝ Ազգային ժողովում:
Ճանաչված օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը Aravot.am –ի հետ զրույցում ասաց, որ «Հայկ» ստուդիան իսկապես չինական կողմի հետ համատեղ նկարած ֆիլմ ունի, այն կոչվում է՝ «Հետո եւ մոտիկ», նկարահանվել է 2006-ին: Օպերատորի խոսքով, ֆիլմը պատմում է երկվորյակ դուստեր ունեցող հայուհու մասին, որը ապրում է Չինաստանում, ամուսինն էլ չինացի է: Ինչ-որ պահի ընտանիքը ուր որ է պիտի փլուզվի, բայց ամեն ինչ ի վերջո հարթվում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ