Սասուն Միքայելյան, Լենա Նազարյան, Մարինե Մանուչարյան, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Արսեն Խառատյան. Այս մարդիկ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներն են, ովքեր այսօր մամուլի ասուլիսով ներկայացան լրագրողներին ու հանրությանը:
Հիշեցնենք, նախաձեռնության հեղինակներն են ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ ՀԱԿ նախկին անդամ Սասուն Միքայելյանը:
Բանախոսների ելույթներից հայտնի դարձավ, որ նախաձեռնության հիմքում լինելու է ՀՀ քաղաքացին` իր խնդիրներով եւ իրավունքներով:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հուլիս քսանչորսին «Քաղաքացիական պայմանագիրը» պաշտոնապես հրապարակվել է, բայց իբրեւ հանրային ու քաղաքական կյանքում նոր սուբյեկտի` ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի» գոյությունն ավետվեց այսօր: Փաշինյանի մատուցմամբ, սա եզակի կառույց է, որը ղեկավարվելու է կառավարման մարմնի միջոցով:
Կարդացեք նաև
Կառույցի առաջնային խնդիրներից մեկը լինելու է համաժողովի հրավիրումը, որտեղ որոշում կկայացվի իրավական հետագա ձևի մասին: Համաժողովը կընտրի նաեւ կառույցի կառավարման մարմին: Մինչև այդ, կառույցը կգործի հանրային սկզբունքով, որոշումները կայացվելու են կոնսենսուսով: Կառույցը «Հայաստանի ապագայի մասին ընդարձակ խոսակցություններ» կսկսի Հայաստանի քաղաքացիների ու Սփյուռքի հետ:
«Մենք չենք գալիս ուղղակի ևս մեկով լրացնելու գործող քաղաքականն ուժերի շարքը»,- ասաց Սասուն Միքայելյանը: Դիմելով իր մարտական ընկերներին եւ միավորման կոչ անելով`Սասուն Միքայելյանն ասաց. «Եռաբլուրը չի ների մեր այս լռությունը, երբ հայրենիքը գնում է կործանման»: Միքայելյանը գտնում է, որ այժմ ազատամարտիկները պառակտված են եւ տարբեր քաղաքական նպատակներ հետապնդող քաղաքական ուժերը նրանց «մաս-մաս» են արել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ