Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական մամուլը՝ Դավութօղլուի Երևան կատարելիք այցի մասին. «Ազատություն» ռադիոկայան

Դեկտեմբեր 09,2013 12:39

Ըստ «Ազատություն» ռադիոկայան– ի,  Ահմեթ Դավութօղլուի երևանյան այցից մի քանի օր առաջ թուրքական մամուլը փորձում է կանխատեսել` արդյոք երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կկարողանա՞ իրագործել այն նպատակները, որոնց համար էլ համաձայնել է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության հերթական համաժողովին:

Խոսքն, ըստ թուրքական մամուլի, ոչ միայն երկկողմ հարաբերությունների բարելավման այլև ղարաբաղյան կարգավորման պրոցեսում թուրքական ներգրավվածության մասին է: Hurriyet-ի թղթակիցն, օրինակ, պնդում է.- «Անկարան այս այցով փորձում է առաջին ձեռքից` հայ պաշտոնյաներից տեղեկություններ ստանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պրոցեսում հնարավոր առաջընթացի մասին: Այս առաջընթացը կարող է ճանապարհ բացել նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հաշտեցման համար»։

Hurriyet-ի տեղեկություններով, սակայն, Դավութօղլուի երևանյան այցի օրակարգը դեռ հստակ չէ, պարզ չէ, թե ում հետ կարող է նա հանդիպել Հայաստանի մայրաքաղաքում: Թուրք պաշտոնյաներից մեկը թերթին փոխանցել է, որ Նալբանդյան-Դավութօղլու հանդիպման հավանականությունը մեծ է:

Մեկ այլ թուրքական պարբերականի՝ Zaman-ի անգլալեզու տարբերակը, Դավութօղլուի առաջիկա այցի մասին զրուցել է պաշտոնաթող դիվանագետների և հեղինակավոր վերլուծաբանների հետ:

«Երևանն ու Անկարան պետք է անեն հնարավոր ամեն ինչ երկկողմ խնդիրների լուծումը գտնելու համար»,- թերթին տված հարցազրույցում ասում է Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յաքըշը՝ հավելելով.- «Երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները քննարկելու ժամանակ կողմերն, այնուհանդերձ, պետք է հաշվի առնեն, թե որքան զգայուն է այդ ամենի հանդեպ երրորդ կողմը: Նախկինում հայ-թուրքական հաշտեցումը տապալվեց հենց Ադրբեջանի դիմադրության պատճառով: Այժմ կողմերը պետք է դասեր քաղեն անցյալից։ Եթե դա արվի, խաղաղության հասնելու շանսերը շատ ավելի իրական կլինեն»։

Նախկին դիվանագետ, այժմ Անկարայում գործող Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Օզդեմ Սանբերքը Zaman-ի հետ զրույցում նշել է.- «Դավութօղլուի այցը վկայում է, որ երկու կողմերն էլ որոշել են ակտիվացնել տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը: Դժվար է ասել՝ արդյոք [հայ-թուրքական] արձանագրությունները մի օր կհասնեն իրենց նպատակին, սակայն այցի ժամկետների ընտրությունը շատ կարևոր է»։
«Խաղաղության հասնելու որևէ փորձ ուշացած լինել չի կարող»,- համոզված է Սանբերքը:

Ուշագրավ է, որ Թուրքիայի արտգործնախարարի այցից հաշված օրեր առաջ երկու երկրների քաղաքացիական հասարակությունները հանդես եկան հաշտեցման ուղղված նոր, բավական անսպասելի մի նախաձեռնությամբ: Երևանի մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանն ու թուրք դերասան Դենիզ Բարիշը երեկ Թբիլիսիում անդադար ձեռքսեղմման համաշխարհային ռեկորդ սահմանեցին: Նրանք Քուռ գետի ափին գտնվող Ռիկե զբոսայգում սկսեցին միմյանց ձեռք սեղմել դեկտեմբերի 6-ի երեկոյան և ավարտեցին այդ գործողությունն 43 ժամ անց` դեկտեմբերի 8-ին:

«Ակցիայի նպատակն էր Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների տոնայնության փոփոխությունը»,- հայտարարել են ձեռքսեղմման մասնակիցները:

Գեւորգ Ստամբոլցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031