Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Հարավային Կովկասում կինովավերագրության աջակցության CAUCADOC նախագծի շրջանակներում, այսօր կազմակերպել էր «Հայկական կինոյի զարգացման միջազգային միտումները» թեմայով քննարկում:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը կարծիք հայտնեց, թե ծավալային իմաստով կինոն մեծ թափ է հավաքել Հայաստանում, բայց նաեւ առկա են խնդիրներ՝ միջազգային հարաբերությունների եւ ՀՀ օրենսդրության հետ կապված: «Կինոյի մասին» օրենքի նախագծում ընդգրկված են բոլոր առաջարկները եւ արդեն այն ուղարկել ենք մեր ֆրանսիացի գործընկերներին, մանավանդ համագործակցություն ունենք CNC-ի հետ»,-հայտնեց Գեւորգյանը ու հավելեց, որ շուտով կստացվի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ եզրակացությունը: Կինոկենտրոնի տնօրենը նշեց, որ CNC-ի հետ համագործակցության պայմանագիրը մի շարք, այդ թվում՝ փոխօգնության, ուսուցման հարցեր է լուծում , առաջիկայում նախատեսված են նաեւ հստակեցնել համատեղ արտադրություն սկսելու հարցեր:
«Շատ ընկերություններ ուզում են համագործակցել, բայց երբ տեսնում են, որ Eurimage-ի (ԵԽ ներքո գործող համատեղ կինոարտադրության եւ կինովարձույթի, աուդիովիզուալ աշխատանքների աջակցության հիմնադրամ) անդամ չենք, հետ են կանգնում: Այդ դեպքում նաեւ ֆինանսավորում չենք կարողանում ստանալ»,-փաստեց Գեւորգ Գեւորգյանց: Նա հույս հայտնեց, որ Հայաստանը 2014-ին կդառնա Eurimage-ի անդամ երկիր:
«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ երեկ են վերադարձել Թիֆլիսից, որտեղ կոնֆերանս էր ընթանում հենց Eurimage-ի եւ Եվրոպական կոնվենցիայի համաարտադրության հարցերի ու այլնի վերաբերյալ: Նրա խոսքով. «Ճիշտ է, օրենքի բացակայությունը եւ Eurimage-ին անդամակցությունը խոչընդոտ չէ, բայց միեւնույն ժամանակ օրենքը որոշ հարցեր է լուծում, օրինակ, վերցնենք, կարգավորում է այն, եթե համաարտադրողը ուզում է գումար ներդնել»:
Լեհաստանի կինոինստիտուտի ներկայացուցիչ, կինոտեսաբան Յացեկ Ֆուկսեւիչը խոսեց լեհական փորձի մասին՝ իր խոսքում նշելով. «Շատ կարեւոր է Eurimage-ի հետ ունենալ անդամակցությունը, բայց դա չի նշանակում հեշտ ձեւով փողեր ստանալ: Հավանական է, որ առաջին երեք տարիներին ավելի շատ բան ինքներդ կներդնեք Eurimage-ի մեջ, քան կստանաք: Նախ` պետք է ուժող կողմեր ունեցող նախագիծ ունենանք: Քանի որ այն երկրից եք, որի մասին շատ տեղեկություններ չկան, պետք է կարողանանք բարելավել ձեր երկրի մասին իրազեկության մակարդակը՝ բոլորին հասկանալի մեթոդներով: Ընդ որում, նախագիծը պետք է շատ լավ ներկայացվի: Պետք է կարողանաք Eurimage-ի ժյուրիի անդամներին վաճառել ձեր նախագիծը, համոզել, որ այն լավն է: Ամենակարեւորը՝ պետք է համատեղ արտադրության համար փորձեք գտնել ուժեղագույն գործընկերների, ինչը երաշխիք կարող է լինել, որ ձեր նախագիծը լավ մտածված է: Խոսքը, մասնավորապես սցենարիստի, ռեժիսորի, պրոդյուսերի մասին է: Ի դեպ, պարտադիր է, որ պրոդյուսերը անգլերեն խոսել իմանա»:
Յացեկ Ֆուկսեւիչի խոսքով, Eurimage-ին անդամակցելու վաղ շրջանում Լեհաստանում եւ եղել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք ներկայումս Հայաստանի առաջ են ծառացած: Ըստ նրա, լեհերը անցյալ տարի 47 համատեղ արտադրության ֆիլմ են ունեցել: «Մինչեւ վերջերս Լեհաստանում եւ Եվրոպայում ընկալումն այնպիսին էր, որ եթե համատեղ արտադրություն է, ուրեմն ամեն երկրի մասին պիտի ինչ-որ բան պատմվի: Արդյունքում ստացվում էին, օրինակ, այսպիսի նախագծեր՝ էստոնացի աղջիկը մարմնավաճառությամբ է զբաղվում Փարիզում կամ ալբանացին չի կարողանում իր կյանքը կազմակերպել Եվրոպայում…Հասկանալի է, որ նման նախագծերը, որպես կանոն, հաջողության չէին հասնում»:
Իբրեւ «դեղատոմս»՝ լեհ կինոտեսաբանը հետեւյալն ասաց. «Երբ փորձում ես հաճոյանալ, այլ հասարակությունների, դա չի աշխատում, դու պիտի ցույց տաս այն, ինչ ինքդ ունես իրականում»:
Նա հավելեց, որ եղել են ֆիլմեր, որոնք չեն ֆինանսավորվել Eurimage-ից, բայց այդ ֆիլմերը ապացուցել են, որ ուժեղ են:
«Օրդֆիլմի» տնօրեն Հայկ Օրդյանը փաստեց, որ հայ կինոգործիչները պասիվ են, ու սպասում են, որ իրենց ափսեով ինչ-որ բան մատուցվի: Նաեւ նշեց, որ առանց Eurimage-ին անդամակցելու էլ լուրջ հակագործակցության դեպքեր եղել են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ