ՌԴ ԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսեւը, օրեր առաջ այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել. «Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես ինքնատիպ ֆորպոստ Կովկասում եւ հասկանալի է, որ այն քաղաքական գործընթացների պայմաններում, որ ընթանում են բուն Հայաստանում, Վրաստանում կամ արդեն իրականացել են, ամեն դեպքում Ռուսաստանը ունի խիստ որոշակի վերաբերմունք Վրաստանի կապակցությամբ ու այդ պայմաններում Հայաստանը հանդիսանում է որոշակի ֆորպոստ Ռուսաստանի համար Կովկասում»:
Aravot.am-ը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանից հետաքրքրվեց` ռուսական կողմի այսպիսի անկեղծ հայտարարությունները չե՞ն վկայում այն մասին, որ իրոք, սեպտեմբերի 3-ի որոշումը կայացվեց ՌԴ ճնշման ներքո և Ռուսաստանը Հայաստանի հետ կապված դեռ շատ այլ հավակնություններ ունի: Պարոն Քեռյանը պատասխանեց. «Ֆորպոստ հասկացության մեջ բացասական բան չեմ տեսնում: Իրականում ֆորպոստ նշանակում է որոշակի հենարան: Սա ժխտել չի ստացվի, քանի որ Հարավային Կովկասում Ադրբեջանը ռուսամետ չէ, Վրաստանը պարզ է, ուստի Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը ՀՀ-ն միակ երկիրն է դարձնում, որը ռազմաքաղաքական պայմանավորվածություն ունի Ռուսաստանի հետ»:
Խոսելով սեպտեմբերի 3-ի որոշման մասին` պարոն Քեռյանն ասաց, որ դրա արդյունքում ԵՄ-ի հետ բանակցությունների շարքը կարելի է համարել անլուրջ ու մանրամասնեց. «Անհնար է, որ դու ռազմաքաղաքական ինտեգրացիայով որոշում ես կայացրել հօգուտ մի կառույցի և տնտեսական միության շուրջ բանակցություններ վարում ես մեկ այլ կառույցի հետ: Կամ մենք վրիպել ենք, կամ ռազմաքաղաքական դաշնակիցը մեզ շփոթության մեջ է գցել»:
Գարիկ Քեռյանը հնարավոր է համարում, որ ՀՀ իշխանություններին Մոսկվայից սխալ ուղերձներ են եկել, թե Մոսկվան եվրաինտեգրացիային դեմ չէ, կամ սա երկկողմանի դիվանագիտական խաղ է` ստուգելու համար դաշնակիցների վստահությունը:
Կարդացեք նաև
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ռուսական կողմի հայտարարությունը համարում է «հերթական ռուս գործչի խոստովանություն, ինչը ևս մեկ անգամ վկայում է, թե իրականում ինչ և ինչու է տեղի ունեցել, և որ մենք գործ ունենք չափազանց վտանգավոր երևույթի հետ, որը կոչվում է ռուսական շովինիզմ, կայսերապաշտություն, որը աղբի պես համակել է ռուսական քաղաքական դասը և ռուսաստանյան հասարակությունը»:
Պարոն Մեհրաբյանը կարծում է, որ Ռուսաստանն իր ներքին բովանդակությամբ և քաղաքական փոխակերպման արդյունքում վերածվել է մի վտանգավոր սուբյեկտի` միջազգային հարաբերությունների թատերաբեմում:
Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Միջազգային հանրության պարտքն է` օր առաջ կանգնեցնել այս ընթացքը, քանի որ եթե Ռուսաստանը հետխորհրդային տարածքում իր քաղաքական նկրտումներով հաջողի, լուրջ վտանգ կներկայացնի միջազգային անվտանգությանը: Այսօր Ռուսաստանում ձևավորվել են հակաարժեքներ, դրանց վրա հիմնել մի հակահամակարգ, որտեղ մարդը որևէ դեր չունի: Կրեմլը վարում է մի հակառազմավարություն, որն ուղղված է կլանելու իր հարևաններին: Այստեղ մենք գործ ունենք նույն երևույթի հետ, ինչ անում էր ֆաշիստական Գերմանիան մինչը 2-րդ համաշխարհային պատերազմը: Նույն արհամարհանքը, լկտիությունը, նույն դիվանագիտությունը, որը հասնում էր նույնիսկ խուլիգանության»:
Ռուբեն Մեհրաբյանը նկատեց. թե Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, որ խնդիրն ընկալվում է ու շարունակեց. «Պարզապես այլևս տեղ չի մնում մեղմասացությունների, կամ ինչ- որ միամիտ լավատեսության: Այսօր գլխավոր խնդիրն է այս պուտինիզմին` որպես հակաարժեքների վրա հիմնված մի հակահամակարգի հասցնել ջախջախիչ պարտության և այդ ժամանակ կարելի է խոսել հետխորհրդային երկրների հուսալի ապագայի մասին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ