Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն է հարուստների եւ աղքատների միջեւ իրական անդունդը

Դեկտեմբեր 09,2013 11:29

Օրերս ինձ մոտեցավ մի քաղաքացի (կամ գուցե «կագեբայական» սադրիչ) եւ ասաց, որ նա պատրաստ է գրոհով վերցնել Բաղրամյան 26-ը, եւ եթե իր նման մի երկու հազար «գրոհայիններ» լինեն, ապա գործը գլուխ կգա: Սակայն, բացի այս ցնդաբանությունից, նա նաեւ ներկայացնում էր ճիշտ դիտարկումներ, որոնցից մեկն այն էր, որ Հայաստանում մնացել են ամենահարուստներն ու ամենաաղքատները, իսկ դա խնդիր է ազգային անվտանգության տեսանկյունից:

Խոսքը, ինչպես հասկանում եք, աղքատների եւ հարուստների միջեւ ահագնացող անդունդի մասին է, որը խնդիր է ոչ միայն Հայաստանում: Ռուսաստանում, օրինակ, 10 տոկոս ամենահարուստների եւ 10 տոկոս ամենաաղքատների խզումը կազմում է ավելի քան 30 անգամ, չնայած «պաշտոնապես» 16 անգամ է: Այս մասին է վերջերս հայտարարել Վիճակագրության գիտահետազոտական ինստիտուտի նախկին տնօրեն Վասիլի Սեմչարան, որը լքեց իր պաշտոնը՝ բացականչելով՝ «Հոգնել եմ ստելուց»: Սեմչարան բերել է նաեւ մի շարք այլ ուշագրավ տարբերություններ՝ իրականի եւ պաշտոնականի միջեւ, բայց կենտրոնանանք միայն այս ցուցանիշի վրա:

Հայաստանում նման պաշտոնական թիվ չկա՝ խզումը կարելի է որոշել միայն աչքաչափով: Վերցնենք «միջին» աղքատին՝ ամիսը 100.000 դրամ ստացող ուսուցչին եւ միջին հարուստին՝ ասենք, մաքսայինի (ոչ թե միության, այլ ծառայության) «միջին» կաշառակերին, որը ստանում է ամիսը 10.000.000 «անաշխատ եկամուտ» (ոնց էլ լինի՝ օրական մի 800 դոլար կփախցնի): Նրանց միջեւ տարբերությունը 100 անգամ է, ինչը սարսափելի մեծ թիվ է:

Պաշտոնապես նման թվեր աշխարհում չկան (բոլորը, հավանաբար, թաքցնում են ճշմարտությունը): Ներկայացնեմ ՄԱԿ-ի որոշ տվյալներ. Բրազիլիա 57, 8, Արգենտինա՝ 34,5, Վրաստան՝ 15,4, Մեծ Բրիտանիա՝ 13,8, Ճապոնիա՝ 4,5: Ըստ որոշ գիտնականների, երկրի կայունության համար անհրաժեշտ է. որ այդ խզումը լինի 10 անգամից պակաս: Այդպիսի բարվոք վիճակ էր, օրինակ, ԱՄՆ-ում՝ 1960-70-ական թվականներին: Սակայն Ռեյգանի ժամանակներից սկսած, ինչպես հայտնի է, իրավիճակը փոխվեց, եւ շարունակվող խզումը Օբամայի վարչակարգի համար լուրջ մարտահրավեր է:

Ընդհանրապես, այս հարցով կա երկու տեսություն՝ մեկը պնդում է, որ այդ խզումը նպաստում է տնտեսության զարգացմանը: Իսկ մյուսը՝ հակառակը, կարծում է, որ դա զարգացմանը խանգարում է: Ուզում եմ հավատալ, որ երկրորդ տեսության կողմնակիցներն իրավացի են: Խնդրի «դասագրքային» լուծումները հայտնի են. մասնավորապես, եկամուտների վերաբաշխումը հարկերի միջոցով, կրթության հավասար հնարավորություններ տարբեր խավերի համար:

Բայց Հայաստանի համար այդ դեղատոմսերը, կարծում եմ, կիրառելի չեն: Մեզ մոտ ինչպիսի հարկեր էլ դնես, միեւնույն է, հարուստները դրանք չեն վճարի, որովհետեւ նրանք կա՛մ սերտաճած են իշխանության հետ, կա՛մ հենց պաշտոնյա են: Ինչ մնում է կրթությանը, ապա այդ դեղատոմսի մասին խոսել է նաեւ վարչապետը՝ իբր կրթությունն աղքատությունը հաղթահարելու ձեւ է: Բայց դա Հայաստանում չի աշխատում: Մեր խորհրդարանի կեսից ավելին հարուստ մարդիկ են, բայց արդյո՞ք նրանք հարստացել են կրթության շնորհիվ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը` https://cash-box.biz-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ահագնացող սոցիալական բևեռացման վտանգը մեզանում ազգային անվտանգության տեսանկյունից այնքան մեծ չեր լինի, եթե աղքատներին միավորող ինչ որ բան լիներ: Հացի խնդիր լուծելու համար տարածված է ուղղաձիգ ենթաստորադասությունը: Ստրկական մտածելակերպը իրեն է ենթարկել ամբողջ հասարակությունը, իսկ հորիզոնական կապի և ընդհանրության գաղափարը չկա, կամ էլ այդ գաղափարը շատ թույլ է և դեռևս կենսունակ չէ:

  2. Rafael says:

    Շատ շնորհակալություն հոդվածի համար,Դուք առանց ուղղակիորեն նշելու,հենց այս հոդվածով հաստատեցիք,որ միակ մարդասիրական և հասարակության ամելայն շերտերի համար ձեռնտու միակ մոդելը դա սոցիալիզմն է,այո այդպել կա,դա միակ տարբերակն է,երբ ժողովրդի ամենատարբեր շերտերի ներկայացուցիչների եկամուտները և սոցիալակն վիճակը որոշակիորեն մոտենում է միմյանց,իսկ այս մոդելը վաղուց ապացուցված է,որ ստեղծված է և ծառայում է շահագործող փոքրամասնությանը,այսինքն 1-ից 2 տոկոսին ամենաաղքատ երկրներում,6-ից 8 տոկոսին փոքր ինչ կայացած երկրներում։

  3. Լավատես says:

    Դարերի ընթացքում, լինելով մեզնից ավելի հզոր ազգերի տիրապետության տակ, մենք համարյա կորցրել ենք նախաձեռնություն ցուցաբերելու հատկությունը՝ նույնիսկ սեփական խնդիրների լուծման հարցերում, կորցրել ենք առաջնորդելու հատկությունը, լինելով ինչոր ազգերի հետեւորդը, նույնիսկ սովորական է դարձել հարցը՝ ո՞ւմ հետեւից գնանք՝ ԵՄ, թե ՄՄ։ Բնական է, ցուցաբերելով անկախ ազգային քաղաքականություն, մենք ամբողջ աշխարհը մեր դեմ կհանենք, բայց ո՞վ ասեց, որ դա ավելի վատ տարբերակ է, քան այն, ինչ ունենք այսօր։

  4. Mariam says:

    Հարուստների և աղքատների միջև ՛անդունը՛ ընդունված է չափել նաև այսպես կոչված Ջինիի գործակցով, որի հաշվարկի հիմք են ծառայում նույնպես պաշտոնական վիճակագրության տվյալները: Գործակիցը տատանվում է 0-ից 1-ի միջակայքում. 0-ի դեպքում բոլորի եկամուտները հավասար են: Որքան գործակիցը աճում է, այնքան բևեռվածությունը մեծանում է:

    Հայաստանի վերաբերյալ հաշվարկվել է մոտ 2009-ին տարբեր միջազգային կառույցների, այդ թվում Համաշխարհային Բանկի կողմից՝ կազմելով մոտ 0,31, որը մոտ էր այդ ժամանակվա Նիդերլանդների, Չեխիայի, Էստոնիայի և Իտալիայի ցուցանիշներին: Իսկ օրինակ ԱՄՆ-ի ցուցանիշը մոտ էր Ֆիլիպինների և Իրանի ցուցանիշին: Եկամուտների հավասար բաշխմամբ ըստ այս գործակցի աչքի են ընկնում հատկապես սկանդինավյան երկրները՝ մոտ 0,25 գործակցով, իսկ հակառակ բևեռում են աֆրկյան երկրները, որոնց ցուցանիշը ըստ տարբեր հաշվարկների ավելին է, քան 0,6-ը:

    • Վահան says:

      Մարիամ ջան, գործակից-մործակից չգիտեմ ու ինձ համար էական չէ, թե այլ երկրներում ինչպես է: Հայաստանում վատ է, շատ վատ: Ընկալումներն են նախեւառաջ վատ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031