Ստեփանակերտում տեղի է ունեցել քննարկում Իգոր Մուրադյանի բանախոսությամբ
Դեկտեմբերի 6-ին, Ստեփանակերտում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում քաղաքագետ, Ղարաբաղյան շարժման նախաձեռնող Իգոր Մուրադյանի բանախոսությամբ: Բանախոսն անդրադարձավ Հարավային Կովկասի և Միջին Արևելքի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներին և հայության սուվերենության խնդիրներին:
Ի.Մուրադյանը համարում է, որ 1990-ական թվականներին աշխարհը Հայաստանն ընկալում էր որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության շարունակություն: Սակայն 90-ականների վերջից տեղի են ունենում իրադարձություններ, որոնք հնարավորություն տվեցին վերաիմաստավորել Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում: Դրան նպաստեց Թուրքիայի գործոնը: Վերջինս, ԽՍՀՄ փլուզումից հետո, կորցնելով հզոր հարևանից եկող սպառնալիքը, հնարավորություն ունեցավ իր սահմանների ամբողջ երկայնքով ձեռք բերել նոր դիրքեր, գործընկերներ, նոր շուկաներ և սկսեց իր էքսպանսիան: Ոչ թե տարածքի զավթում կամ ռազմական ագրեսիա, այլ Թուրքիայի ազդեցության ուժեղացում տարբեր մեթոդներով, տարբեր ուղղություններով: Սա չէր կարող չանհանգստացնել Արևմուտքին, այդ թվում ԱՄՆ-ին: ԱՄՆ-ում երկար ժամանակ հստակ մոտեցում չկար Թուրքիայի նկատմամբ, շարունակում էին նրան համարել իրենց հուսալի գործընկերը և նրա ամբիցիոզ ծրագրերին ու հայտարարություններին մոտենում էին որպես ինչ-որ ժամանակավոր երևույթի: 2003թ. իրաքյան պատերազմը ցույց տվեց, որ այդ պատկերացումները հնացած են: Այդ ժամանակվանից սկսված ԱՄՆ ադմինիստրացիան դիմում է ամերիկյան փորձագիտական բոլոր շրջանակներին՝ Թուրքիայի նկատմամբ մոտեցումները հստակեցնելու համար: Ըստ Ի.Մուրադյանի՝ արդեն Բ.Օբամայի իշխանության օրոք ԱՄՆ-ում մշակվում է Թուրքիային զսպելու, նրա ամբիցիաները սահմանափակելու ծրագիր: Սրա իմաստը հետևյալն էր՝ չխանգարել Թուրքիային ոչնչում, թույլատրել նրա էքսպանսիան բոլոր ուղղություններով՝ Բալկաններ, Կովկաս, Միջին Ասիա և այլ շրջաններ, որոնցում նա կարող էր ինչ-որ բան անել: Պարզվեց որ հարևան երկրները բոլորն էլ անհանգստացած են Թուրքիայի ակտիվությունից և Թուրքիայի զսպան քաղաքականություն սկսեցին և բոլորն էլ ԱՄՆ-ից այս կամ այն չափով օգնություն ստացան:
Իգոր Մուրադյանը փաստեց, որ դեռ անցյալ տարի, երբ փորձագետների մեծ մասը, այդ թվում Ռուսաստանում, համարում էին, որ ԱՄՆ ՄԵրձավոր Արևելքում հենվում է սունիական աշխարհի վրա (Թուրքիան ձգտում ունի դառնալու այս աշխարհի առաջնորդը), որոշ «խելապակաս» փորձագետներ, այդ թվում և ինքը, կանխատեսել էին, որ ամիսներ անց կսկսեն ամերիկաիրանական հարաբերությունների բարելավում: Սա բխում է ԱՄՆ քաղաքականությունից, որը ցանկանում է պահպանել հավասարակշռությունը շիաների և սունիների միջև: Եվ այդպիսով ղեկավարել ոչ միայն Մերձավոր Արևելքը, այլ ավելի լայն տարածություն:
Կարդացեք նաև
«Ո՞րն է Հայաստանի նոր դերը,- հարցնում է Իգոր Մուրադյանը և պատասխանում,- Հայաստանը կարևոր դեր ունի Թուրքիայի զսպման գործում: Ոչ միայն Հայաստանն ինքը, այլ հայկական խնդիրների ամբողջ համալիրը: Ամերիկացիները Հայաստանին հանեցին միջազգային քաղաքականության ռեզերվից, խորը ռեզերվից, որտեղ Հայաստանը գտնվում էր 90-ական թվականներին և 2000-ականների սկզբին , և նրանից սարքեցին ենթադերակատար: Ոչ լիարժեք դերակատար: Եվ սկսեցին նայել նրան ոչ միայն Ռուսաստանի խնդիրների պրիզմայից, այլ նաև Թուրքիայի զսպման տեսանկյունից: Դա լավ է, թե՞ վատ: Ի՞նչ է սա: Դա ոչ հաճելի հեռանկար է անվտանգության տեսանկյունից: Բայց այս հեռանկարը մեզ ապահովում է ակտիվ քաղաքականություն և ակտիվ դեր միջազգային հարաբերություններում: Եվ ոչ միայն ԱՄՆ-ի կողմից, այլ նաև այն երկրների կողմից, որոնք հետաքրքրված են Թուրքիայի զսպմամբ: Դա համաշխարհային մակարդակի խնդիր չէ, բայց տարածաշրջանային խնդիր է, առանց որի չի կարելի պատկերացնել մի հսկա տարածաշրջանի անվտանգության հարց՝ Բալկաններից մինչև Չինաստանի սահման»:
Բանախոսն անդրադարձավ նաև Կովկասի խնդիրներին: «Կովկասը ավելի սկզբունքային տարածք է, քան կարելի է թվալ: Այստեղ թվում է ակտիվ քաղաքականություն չկա: Սա այն տարածաշրջանը չէ, որի մասին ամեն օր կարելի է կարդալ մեծ թերթերի էջերին: Որո՞նք են ԱՄՆ նպատակները Կովկասում: Դրանք փոխվել են: Ոմանք մտածում են, որ ուշադրությունն ընկել է: Ես կարծում եմ, որ տեղի է ունեցել ուշադրության դեֆորմատիզացիա: Սկզբում Կովկասը 2 ֆունկցիա ուներ՝ տրանզիտ և սերվիսի դեր էր կատարում՝ նավթի և գազի դուրսհանում, զորքերի տեղափոխում Աֆղանստան: Այդ ֆունկցիաները վերջանում են, ադրբեջանական նավթը ապաքաղաքականացվում է. կովկասյան նավթը հիմնականում տնտեսական է, հատկապես, երբ այն վերջանում է: Այլ ֆունկցիա է մշակվել: Հարավային Կովկասը դառնում է Եվրոպական անվտանգության մաս, իսկ ավելի լայն՝ եվրոատլանտյան անվտանգության մաս: Առանց Հրվ. Կովկասի նկատմամբ Արևմուտքի կողմից հսկողության, կամ գոնե մասամբ հսկողության, չի կարելի է պատկերացնել Եվրոպական անվտանգության համակարգի ամբողջականությունը: Հարավային Կովկաս ասելով այստեղ նկատի ունենք Հարավային Կովկաս-Սևծովյան տարածաշրջանը»:
Այս ամենից ելնելով, Ի.Մուրադյանը կարծում է, որ եթե ստորագրեինք Ասոցացման պայմանագիրը, մենք դառնալու էինք ԱՄՆ գործընկերը Թուրքիայի զսպման քաղաքականության մեջ: Երկրորդ կարևոր պահը՝ մենք դառնալու էինք ԵՄ գործընկերը: Սակայն տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ի «քաղաքական կատաստրոֆան», որը հայկական հասարակությունն ի վիճակի չէ հասկանալ:
«Աշխարհի ամենակարևոր բանը ինքնիշխանությունն է, ո՛չ փողը, ո՛չ ռեսուրսները, այլ՝ ինքնիշխանությունը: Միայն սուվերեն երկրի հետ կարող են գործ ունենալ: Միայն սուվերեն երկրին զենք կտան ու կպաշտպանեն: Իսկ ո՞վ կօժանդակի վասալին: ինչի՞ համար: Որպեսզի օգնեն Մաքսային միությանը, որպեսզի օգնե՞ն Ռուսաստանին: Ինչի՞ համար: Ոչ մեկը դա չի անի: Գլխավոր փաստարկը՝ սուվերենիտետի կորուստն է: Հայկական հասարակությունը ի վիճակի չէ սա հասկանալ: Երևանում սա շատ աբստրակտ բան է: Մենք չենք հասկանում ինքնիշխանությունը, չգիտենք թե դա ինչ է: Եվ այստեղից հարց է ծագում: Կպահպանվի արդյո՞ք մեր ֆունկցիան ԱՄՆ համար Թուրքիայի նկատմամբ քաղաքականության մեջ: Ես վերջերս եղա ԱՄՆ-ում, հանդիպումներ ունեցա փորձագիտական շրջանակների հետ: Զբիգնև Բժեզինսկին հարցրեց՝ եթե Ռուսաստանը ձեզ համարում է իր վասալը, ինչու՞ մենք պետք է ձեզ չհամարենք Ռուսաստանի վասալը: Երկաթե տրամադրություն: Մենք չկանք, մեր փոխարեն որոշում է Ռուսաստանը: Ոչ ոք մեզ հետ ոչինչ չի որոշի, կորոշեն Մոսկվայի հետ: Տեսա՞ք նախագահի վիճակը Վիլնյուսում: Նրան ուղղակի ցույց տվեցին, որ ինքն այնտեղ չկա»:
Դասախոսության վերջում Իգոր Մուրադյանն անդրադարձավ նաև Արցախին: «Ռուսաստանը նրա համար չի մեզ գնել, որ այս տարածքը (Արցախը) դեռ Հանրապետություն էլ կոչվի: Ռուսական պսիխոլոգիայի համար Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը բերում է խելագարության: Նրանք մինչ այժմ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես փոքրիկ ժողովուրդը ժամանակին կարողացավ գործել ի հակառակ իրենց ցանկության: Նրանք ընդամենը սխալվեցին իրենց հաշվարկներում 90-ականներին: Նրանք չէին կարծում, որ մենք կկանգնենք: Ռուսաստանը թույլ էր և ձեռքերը երկար չէին: Բայց Ռուսաստանը նպատակ չուներ, որ մենք մնայինք այս հողում: Ռուսները նպատակ ունեին մեզ վաճառել հնարավորինս թանկ գնով,-եզրափակեց նա»:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունն առաջիկայում ևս կշարունակի հանրային քննարկումներ կազմակերպել կարևոր թեմաների շուրջ՝ նպատակ ունենալով նոր գաղափարներ տալ և ակտիվացնել արցախյան հասարակությունը:
ԱՎԿ մամլո ծառայություն