Դեկտեմբերի 8-ին ` ժամը 15:00-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ Երգչախմբային Արվեստի Միջազգային օրվան նվիրված տոնական համերգը:
ՀՀ Մշակույթի Նախարարության հովանավորությամբ ու Երևանի Քաղաքապետարանի աջակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Մշակույթի Նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը, դեսպաններ, ներկայացուցիչներ պետական և միջազգային կառույցներից, արվեստի գործիչներ և 1200 դպրոցական՝ քաղաքի տարբեր դպրոցներից:
Հայ Փոքրիկ Երգիչներ Միջազգային Ասոցիացիայի Նախագահ Մաեստրո Տիգրան Հեքեքյանն իր ելույթում նշեց. « Այսօր մենք ցանկացանք ցույց տալ, որ երգելու համար խոչընդոտներ չկան: Ես ուզւոմ եմ, որ դուք այսօր՝ այս համերգից «վարակված»` վազեք երգչախմբեր, որովհետև ոչինչ այնպես չի միավորում մարդկանց ինչպես երաժշտությունը»:
Իրենց ողջույնի խոսքերն ասացին Երևանի՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանն ու Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի Նախագահ Գայանե Բաղդասարյանը:
Միջոցառման վերջում Մաեստրո Տիգրան Հեքեքյանի նախաձեռնությամբ և օգնությամբ ամբողջ դահլիճը եռաձայն երգեց Կոմիտասի՝ «Սոնա Յար» ստեղծագործությունը
Էմմա Սարգսյան
Հայ Փոքրիկ Երգիչներ Հիմնադրամ