Azatutyun.am Երևանի մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանն ու թուրք դերասան Դենիզ Բարիշը այսօր Թբիլիսիում անդադար ձեռքսեղմման համաշխարհային ռեկորդ են սահմանել:
Հաջինյանն ու Բարիշը Քուռ գետի ափին գտնվող Ռիկե զբոսայգում սկսել են միմյանց ձեռքը սեղմել դեկտեմբերի 6-ի երեկոյան և ավարտել են այդ գործողությունը այսօր ցերեկը` Թբիլիսիի ժամանակով ժամը 15։40-ին: Ընդհանուր առմամբ, մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպված հայ – թուրքական ձեռքսեղմումը տևել է 43 ժամ:
«Ակցիայի նպատակն էր Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների տոնայնության փոփոխությունը», – հայտարարել են ձեռքսեղմման մասնակիցները: «Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ չնայած երկու երկրների միջև առկա պատմական տարաձայնություններին, ոչինչ չի խանգարում հայ և թուրք ժողովուրդներին շփվել միմյանց հետ», – նշել են ակտիվիստները: