Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են քննարկել Դավիթ Շահնազարյանն ու Էլդար Նամազովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների հետ

Դեկտեմբեր 08,2013 12:15

Օրերս Կիեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական հանդիպումից բացի տեղի է ունեցել մեկ այլ հանդիպում: Ինչպես հաղորդել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ պաշտոնական հանդիպման հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահների նախաձեռնությամբ՝ ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքն ու ֆրանսիացի միջնորդ Ժակ Ֆորը, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդիպել են «Անկախ քաղաքացիական Մինսկի գործընթացի» ներկայացուցիչների, ընդդիմադիր քաղաքական գործիչներ՝ 1992-95թթ․ Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանի եւ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի խորհրդական Էլդար Նամազովի հետ:

Նշենք, որ «Անկախ քաղաքացիական Մինսկի գործընթացում» ներգրավված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ՝ Հայաստանից, Ադրբեջանից եւ Լեռնային Ղարաբաղից:

«Aravot.am»-ը Դավիթ Շահնազարյանից հետաքրքրվեց, թե ո՞րն էր Կիեւի հանդիպման նպատակը եւ ի՞նչ են ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «Անկախ քաղաքացիական Մինսկի գործընթացից»:

Դավիթ Շահնազարյանը նախ տեղեկացրեց, որ իրեն եւ Էլդար Նամազովին համանախագահները հանդիպել են ոչ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ ինչպես ներկայացնում էին ադրբեջանական լրատվամիջոցները, այլ որպես՝ «Անկախ քաղաքացիական Մինսկի գործընթացի» ներկայացուցիչներ եւ որպես նախկինում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչներ:

Կիեւում կայացած հանդիպմանը, Շահնազարյանի փոխանցմամբ՝ իրենք համանախագահներին ներկայացրել են «Անկախ քաղաքացիական Մինսկի գործընթացի» առաջիկա ծրագրերը, ինչպես նաեւ իրենց տեսակետները, թե ինչպես կարելի է ակտիվություն եւ որոշակի արդյունավետություն հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին՝ տարածաշրջանում առկա նոր իրողությունների պայմաններում: «Մասնավորապես կարծիք ենք հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը խիստ փակ է եւ այն պետք է հնարավորինս թափանցիկ դարձնել հասարակությունների համար, որովհետեւ մենք վստահ ենք, որ երկու երկրների նախագահները, արտգործնախարարները, որպես կանոն, հասարակություններին մատուցում են ոչ այն, ինչ քննարկում են բանակցությունների սեղանի շուրջ», նշեց Դավիթ Շահնազարյանը:

Ի դեպ, մեր հարցին, թե ինչու հանդիպմանը ներկա չի եղել նաեւ Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը, որը նույնպես Կիեւում էր, Շահնազարյանը դիվանագիտորեն պատասխանեց, որ հանդիպման նախաձեռնողները ինքն ու Նամազովը չեն եղել:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած պետական այցի, հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի հետ մեր հարցազրույցը կարդացեք «Առավոտ»-ի առաջիկա համարում:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մի տխրահռչակ օր արթնանալու ենք և տեսնենք, որ ռոբիկը, շեռժիկը, ու շաշիկը վաղուց ԼՂՀ–ն
    վաճառել են, իսկ այս ամենը իմիտացիաներ են, և ժողովրդի անտեղյակություն, որ իբր ժողովուրդը
    որքան ուշ իմանա, այնքան քիչ կանհանգստանա, կամ նման մի հիմարություն։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031