Հարգելի´ հայրենակիցներ,
Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի ներկա ճգնաժամը համարում ենք շատ ցավալի երևույթ, որը, սակայն, չափազանց ուսանելի է շատերիս համար: Այս ճգնաժամը խիստ մտահոգում է բոլոր այն նվիրյալ հայորդիներին, ովքեր անցյալում իրենց ազնիվ ներդրումով նպաստեցին Կենտրոնական Խորհուրդի կառուցմանն ու կայացմանը, տարիներով աշխատեցին նրա տարբեր ենթակառույցներում: Ներկա զարգացումները, այնուամենայնիվ, խիստ ուսանելի են բոլոր այն գործիչների և համայնքայինների համար, ովքեր լծվելու են գերմանահայության քաղաքական ապագայի կառուցման գործին: Սույն զարգացումները ակնհայտորեն հուշում են մեզ, որ պետք է դուրս գալ սփյուռքյան բազմաթիվ կարծրատիպային կոնցեպտներից և անցնել լայնակի ժողովրդավար հայեցակարգերի մշակմանն ու առավել ժողովրդավար հիմքերի վրա դնել ներկա համայնքային կառույցները:
Ժողովրդավար ռազմավարությունը այսօրվա հրամայականն է:
Հայկական Վերածնունդ Շարժումը մերժում է որևիցե տեսակի քաղաքական և կուսակցական թելադրանք Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդում և դատապարտում բոլոր այն ներքին և արտաքին ուժերին, որոնք փորձում են իրենց ազդեցության տակ պահել դեպի լայնակի ժողովրդավարության ձգտող Գերմանահայության Կենտրոնական Խորհուրդը: Մենք դատապարտում ենք Ազատ Օրդուխանյանի նկատմամբ սկսված վարկաբեկիչ արշավը և մեր զորակցությունը հայտնում նրա նորարարական ռազմավարությանը: Խիստ ողջունելի է նրա անզիջող պայքարը թե´ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի առավելաչափ ժողովրդավարացման և թե´ Հայաստանի Հանրապետությունը հիմքից վտանգող հոռի բարքերի վերացման համար: Կոչ ենք անում գերմանահայ համայնքի բոլոր անկախ անդամներին գիտակցել պահի լրջությունը և կողմորոշվել քաղաքական և կուսակցական թելադրանքների ենթարկված և անկախ Կենտրոնական Խորհրդի միջև: Ժողովրդավարացումն է Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի գոյատևման և զարգացման միակ երաշխիքը: 1 դեկտեմբեր 2013թ.
Հայկական Վերածնունդ Շարժում՝
Ստորագրությամբ.
√ ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ
√ ՀՎ-Փարիզի մասնաճյուղ
√ ՀՎ-Տորոնտոյի մասնաճյուղ
√ ՀՎ-Պրահայի մասնաճյուղ
√ ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
√ ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ
√ ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
√ ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
Հայկական Վերածնունդ Շարժում