«1970-ական թվականներին հիպպիական շարժումը ձեւավորեց ազատ ընտանիքի գաղափարը, կամ, ինչպես իրենք էին ասում, սեքսի ազատության գաղափարը: 90-ական թվականներից Եվրոպայում սկսվեց միասեռական գաղափարախոսության տարածումը, եւ չգիտես, թե ինչո՞ւ մենք էլ՝ իբրեւ կատարյալ եվրոպացիներ, Պիեռ Գարդեն հագնելով, բայց մնալով խաշի բուրմունքի ներքո, որոշեցինք եվրոպական ամեն տեսակի աղբ որդեգրել: Եվ 60-ական թվականներին, երբ մեր երիտասարդները սկսեցին հայտնվել Ռուսաստանում, կրթություն ստանալ այնտեղ՝ Հայաստան վերադառնալուց հետո, սկսեց ծաղկել ամուսնալուծությունը, որ հիմք դրեց ընտանիքի քայքայմանը»,- դեկտեմբերի 7-ին «Ազգային արժեհամակարգ. Անցյալը, ներկան եւ ապագան» խորագիր կրող համաժողովի ընթացքում հայտարարեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Համաժողովին մասնակցում էին հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչներ, ստեղծագործական միություններ, մտավորականներ եւ այլք:
Կոմիտաս վարդապետ Հովնանյանը նշեց, որ 5 տարի է, ինչ վերադարձել է Ֆրանսիայից եւ 26 տարի ապրել է Գերմանիայում եւ այդպես էլ չի հասկացել, որոնք են Արեւմուտքում գոյություն ունեցող արժեքները. «Հանկարծ, Հայաստանը դարձել է մի նոր Պրոմեթեւս, որ ուզում է արեւմտյան կրակը, բոցը փոխանցել մարդկությանը»: Նա հավելեց, որ ժողովուրդը սիրում է կառավարություններին քարկոծել, չհիշելով Քրիստոսի խոսքը՝ «Առաջին քարը, թո՛ղ նետի նա, ով մեղք չունի». «Ո՞վ է կառավարությունը. Իմ եղբայրը, իմ հորեղբոր տղան կամ ձեր հարազատը: Սա նշանկում է՝ ինչպես մենք երեկ դաստիարակել ենք մերոնց, դրա արդյունքներն ենք քաղում, քանի որ պտուղը ծառից հեռու չի կարող ընկնել»:
Եզրափակելով իր խոսքը Կոմիտաս վարդապետ Հովնանյանը կոչ արեց ներկաներին դաստիարակել իրենց զավակներին այնպես, որ նրան որեւէ մեկը ՝ պաշտոնի անցնելուց հետո չքարկոծի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Միանգամայն համաձայն եմ Կոմիտաս վարդապետի տեսակետի հետ… Ա. Բաբայան