«Արա Խզմալյանի ղեկավարած «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» (ԱԹՍՄ) ՀԿ-ն առաքելություն ունի «հանդիպեցնելու» դրամատուրգին և ռեժիսորին»,- այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատերագետ, կինոգետ Սուրեն Հասմիկյանը: Նա մտահոգված է, որ այսօր դրամատուրգներն ու բեմադրիչները չեն համագործակցում միմյանց հետ. «Օրինակ՝ Կարինե Խոդիկյանը հրատարակում է «Դրամատուրգիա» հանդեսը, որտեղ շատ լավ պիեսներ են տպագրվում: Մյուս կողմից, կան բազմաթիվ թատերական խմբեր և լավ ռեժիսորներ, բայց նրանք իրար հետ չեն հանդիպում, հաճախ չեն էլ ճանաչում միմյանց: Ոչ ռեժիսորն է կարդում պիեսը, ոչ էլ պիեսի հեղինակն է ձգտում կապվել այս կամ այն թատրոնի հետ: Ռեժիսորները միշտ ասում են՝ չկան դրամատիկական գործեր, որ ներկայացնենք: Արդյունքում, ինչ-որ ներկայացումներ են հնարում, դեսից-դենից են վերցնում, որոնց հիմքում ոչինչ չկա»,- ասում է թատերագետը:
Նրա խոսքով՝ «Ազգային թատերական ստեղծագործական միավորում»-ն այս ուղղությամբ մեծ աշխատանք է տանում. «Սեմինարներ է կազմակերպում, որոնք չէի ասի, թե մեծ հաջողություններ են գրանցում, բայց դրանց արդյունքում գոնե ճանաչում են իրար դրամատուրգն ու բեմադրիչը, ընթերցվում են նոր պիեսներ, և որոշ ռեժիսորներ, այնուամենայնիվ, նկատում են, որ այս կամ այն մարդը գրել գիտի թեկուզ, դա էլ քիչ բան չէ»,- շեշտեց կինոգետը:
Թատերագետ, «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» (ԱԹՍՄ) ՀԿ-ի նախագահ Արա Խզմալյանը, անդրադառնալով «Ներկայի վերականգնումը» խորագրով դրամատուրգիական ընթերցումների փառատոնին, ասաց, որ այն միջազգայինից հանրապետականի է վերածվել ֆինանսական խնդիրների պատճառով:
Ա. Խզմալյանը շատ է կարևորում մարզերի ներգրավվածությունը ինչպես այս և նման փառատոններում, այնպես էլ բազմաթիվ այլ միջոցառումներում. «Անցյալ տարի դրամատուրգիական ընթերցումներն անցկացրինք Վանաձորում: Սա մեր միավորման գերխնդիրներից մեկն է՝ հնարավորինս ընդգրկել մարզերը: Սակայն պետք է նկատել որ մեկ-երկու ակցիայով մարզերը ստեղծագործական վակուումից չես փրկի: Պետք է մշտական, չընդհատվող հարաբերություններ և շփումներ ապահովել մարզերի հետ»,- համոզված է թատերագետը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ