Մի քանի տարի է` ՀՀ կառավարության անդամներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հարկ չեն համարում դեկտեմբերի 7-ին գալ Գյումրի ու ծաղկեպսակներ դնել երկրաշարժի զոհերի հուշակոթողին: Նրանցից ոմանք բավարարվում են միայն ծաղկեպսակներ ուղարկելով:
Այսօր էլ այս առումով բացառություն չէր, անգամ եզակի պատգամավորների անուններ կարող ենք հնչեցնել, ովքեր եկել էին զոհերի հիշատակը հարգելու: Նրանց մեջ էին ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն ու Նաիրա Կարապետյանը, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը: Մինչդեռ, գյումրեցիների ասելով, կառավարության անդամները պարտավոր են գալ ու բացատրություն տալ անօթևաններին, թե ինչո՞ւ 25 տարի անց իրենք շարունակում են ապրել ժանգոտ, մգլած, հակամարդկային տնակներում, որոնք մկնոցների են վերածվել, ինչո՞ւ Գյումրին 25 տարի անց քաղաքի չի նմանվում, ինչո՞ւ ողբն ու լացը երկրաշարժից տուժածներին միշտ ուղեկցում է: Գյումրեցիները Aravot.am-ի հետ զրույցում սարսափելի քննադատություններ էին հնչեցնում երկրի իշխանավորների հասցեին:
Մի քանի սոցիալապես անապահով կանայք, ինչպես միշտ, նամակ-բողոքները ձեռքերին, եկել էին երկրաշարժի զոհերի հուշակոթողի մոտ, որպեսզի պատահաբար հանդիպեն կամ երկրի նախագահին , կամ էլ վարչապետին ու իրենց խնդիրը գրավոր ձևով ներկայացնեն: Սակայն, տեսնելով, որ ոչ մեկը, ոչ էլ մյուսը հարկ չի համարել Գյումրի գալ (ամենայն հավանականությամբ, այս պաշտոնյաներն իրենք իրենց համոզել են, որ քաղաքը աղետի գոտուց իրոք վերածվել է զարգացման գոտու), կանայք սրտնեղած ասում էին.« Չհասկացանք, Պուտի՞նը պիտի գա, որ էս մարդիկ Գյումրի գան»:
Նշենք, որ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ դեկտեմբերի 7-ը հռչակել է ամոթի օր, ըստ նրա, «Ողբերգության օրը ամեն օր ենք նշում, այսօր արդարացի կլինի կլինի նշել ամոթի օր»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ