Այսօր` դեկտեմբերի 7-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիային խորհրդարանի պատգամավոր Ռենե Ռուքեին, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեին, պատգամավորներ Գի դը Սյեին, Ժան Պյեր դը լա Նուային, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանին և պատգամավոր Նաիրա Կարապետյանին:
Պատվիրակությունը Գյումրի էր ժամանել` հարգանքի տուրք մատուցելու 1988թ. աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց պատվիրակության անդամներին` բարձր գնահատելով ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ հայ-ֆրանսիական բարեկամության խմբի ներդրումը երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում:
Քաղաքապետն առանձնահատուկ նշեց երկրաշարժից հետո Ֆրանսիայի կառավարության և ֆրանսիական տարբեր կազմակերպությունների կողմից Գյումրի քաղաքին ցուցաբերված մեծ աջակցության մասին:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին ողջույնի ջերմ խոսքեր հղեցին քաղաքապետին, հակիրճ ներկայացնելով նաև իրենց խմբի գործունեությունը և մոտ ապագայում նախանշված ծրագրերը, այնուհետև պատվիրակության անդամների կողմից Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարգևատրվեց Ֆրանսիայի խորհրդարանի մեդալով:
Կարդացեք նաև
Հանդիպումից հետո քաղաքապետը ֆրանսիացի բարեկամների հետ ծաղիկներ դրեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղակայված 1988-ի երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին:
Գյումրի քաղաքապետարան