Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախկին նախագահ Գրիգոր Ամալյանը, որն այսօր մասնակցում էր «Անի պլազայում» կայացած ՀՀ վերջին ԱԺ եւ նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային եւ տեղական դիտորդական կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ հանրային քննարկմանը`անդրադարձավ լրատվամիջոցների հիմնախնդիրներին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Գրիգոր Ամալյանին ասաց, որ դիտորդները հանդես են եկել առաջարկությամբ, որ հեռարձակվող քարոզչական նյութերում նշագրում արվի, որ տվյալ նյութը քարոզչական է:
Բացի այդ`ըստ դիտորդական առաքելությունների ներկայացրած առաջարկությունների` հանրային լրատվամիջոցները պետք է ապահովեն, որ կանայք իրենց լուսաբանումներում նվազ ներկայացված չլինեն, եւ ըստ նրանց, կանանց քաղաքական մասնակցությունը խթանելու համար կարող են ձեռնարկվել ժամանակավոր հատուկ միջոցներ, օրինակ, կին թեկնածուներին լրացուցիչ եթերաժամանակ տրամադրել, պահանջել կուսակցություններից հարցազրույցների համար կին թեկնածուներ առաջարկել եւ «Կանայք քաղաքականությունում» թեմայի վերաբերյալ հաղորդումներ ցուցադրել: Ինչ վերաբերվում է ՀՌԱՀ-ին, ապա այն կարող է իրականացնել գենդերային վերլուծություն իր դիտարկման շրջանակներում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ