ՀՀ Մեծարգո Պարոն Նախագահ, Ձեզ ենք ուղղում Տավուշի մարզի` նախկին Շամշադինի շրջանի երիտասարդ սերնդի խոսքը, պատգամը, խնդրանքը, պահանջը: Յուրաքանչյուր ժողովրդի ապագան նրա երիտասարդության ձեռքում է. մենք պատվով և հպարտությամբ ենք կրում պատասխանատվություն, տեր ենք կանգնում մեր ապագային և ուզում ենք այն կերտել մեր ծննդավայրում` ակնկալելով պետության բարձր աջակցությունը:
Վստահ ենք` քաջատեղյակ եք, որ մեր հայրենիքի սահմանապահ ժողովուրդն, իր հողին ու արմատներին կառչած, ապրում ու արարում է` մշտական անձնվիրությամբ դիմակայելով թշնամուն: Խորհրդանշական է, որ տարածաշրջանի սահմանը թշնամու հետ այնքան է, որքան հեռավորությունը մայրաքաղաքից։ Այստեղ ճանապարհը ուղղակի կապուղի չէ, ինչպես շատ վայրերում, այլ կյանքի և անվտանգության երաշխիք։ Սույն թվականի հոկտեմբերի 22-ին` Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածում, թշնամին խաթարեց անդորրն ու մեզ կանգնեցրեց սպասված փաստի առաջ։ Արդեն ավելի քան 1.5 ամիս է ճանապարհը փակ, է և խնդրի լուծման որևէ տեղաշարժ չկա։ Այլընրանք հանդիսացող Բերդ-Ճամբարակ ճանապարհը անգամ հետևողական մաքրման պայմաններում ձմռանն անանցանելի է: Դրանից զատ` այս ճանապարհը ևս, ունենալով գրեթե 4 կմ բաց սահման թշնամու հետ, ցանկացած պահի կարող է արժանանալ նույն ճակատագրին։ Տարածաշրջանը Երևանին կապող միակ ռազմավարական ճանապարհը Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջևան ճանապարհն է, որը գտնվում է անմխիթար վիճակում։ Լսել ենք, որ այս ճանապարհի շինարարության հիմնական խոչընդոտը թանկ լինելն է։ Սակայն ինչի՞ց թանկ՝ հայրենիքի՞ց, ապագայի՞ց։ Իրավիճակն ավելի է սաստկանում ամանորի նախաշեմին, քանի որ ծննդավայրից հեռու գտնվող տավուշեցիները ցանկանում են ամանորը դիմավորել հայրենի հողում: Մեծարգո պարոն նախագահ, մենք գիտենք, որ Ձեր կենսագրության մեջ ռազմական փորձն առյուծ բաժին ունի. Դուք էլ եք անցել պատերազմի թոհուբոհով: Վստահ ենք, որ ավելի քան հասկանում եք մեզ, ավելի քան կիսում եք մեր վրդովմունքն ու մտահոգությունը։ Ուստի, Տավուշի երիտասարդությունը, լինելով համակարծիք, խնդրում և պահանջում ենք բարեկարգել Իծաքար-Գանձաքար-Իջևան ճանապարհը, հավուր պատշաճի և հետևողական կերպով իրականացնել Բերդ-Ճամբարակ ճանապարհի անընդհատ հսկողությունն ու մաքրման աշխատանքները: Քաջ գիտակցելով, որ Պառավաքար-Վազաշեն-Իջևան ճանապարհը փակելը նահանջ և մեր ուժերի նկատմամբ թերահավատություն կառաջացնի, բանուկ պահել նաև այդ ճանապարհը` բազմապատկելով վերահսկողությունը մարտական դիրքերում: Մենք կորցրել ենք մեր մանկությունը` թնդանոթների ձայների տակ` ապաստարաններում: Իսկ պատերազմական հիշողություններով ապրող սերունդը իրավունք չունի կորցնել այն ապագան, որը պետք կերտի իր ծննդավայրում:
Հարգանքով և շուտափույթ գործնական քայլերի հավատով` Տավուշի երիտասարդություն:
Կարդացեք նաև
Հարգարժան Տավուշի երիտասարդներ ուզում եմ հիշեցնել, որ Բերդ-Իջևան ճանապարհի Պառավաքար-Վազաշեն հատվածը, ի շնորհիվ Պառավաքար գյուղի բնակիչների գործում է: Ինչ վերաբերվում է հարցի տեղաշարժին, ցավոք Տավուշի մարզպետի թեթև ձեռքով խնդրին բոլորովին այլ լուծում է տրվում, որն անվտանգ երթևեկելու տեսանկյունից բոլորովին չի տարբերվում ներկա գործողից: Մասնավորապես ավելի քան 20 օր է, ինչ մարզպետի խնամի, Իջևանի ճանշինձեռնարկության սեփականատեր Արծրունի Ղալումյանն, առանց համապատասխան նախագծի և անտառային ֆոնդի հողի նպատակային նշանակության փոփոխության, որն ի դեպ միայն կառավարության որոշումով է կատարվում, Վազաշենի վարչական տարածքում հողային աշխատանքներ է իրականացնում: Որպես տավուշեցի և խնդրով մտահոգ մարդ, շնորհակալ եմ Ձեր վերաբերմունքի և յուրաժամ արձագանքելու համար, մնում է սպասել իշխանությունների համարժեք արձագանքին, թե Բերդ-Իջևան ճանապարհով անվտանգ երթևեկելու և թե Տավուշի մարզպետի վարքագծի վերաբերյալ:
Շամշադինի տարածքը մարզպետի կողմից վեր է ածվել օկուպացիոն զոնայի.Բերդ-Վ.Կ.Ա.
Արծվաբեռդ և Բերդ-Նավուր ավտոճանապարհների անորակ կառուցում.Միջազգային
կառույցների կողմից տրված ծրագրերի փոշիացում,որպես հետևանք՝ չձևավորված
ենթակառուցվածքներ բոլոր բնագավառներում.Ապատեղեկատվություն շրջանում տիրող
իրավիճակի վերաբերյալ…..Որքան գիտեմ ստիպողական արտագաղթը գենոցիդի մաս է
կազմում.
Երբ միջակությունները,գորշությունները գալիս են իշխանության,կյանքը դառնում է սև.
Շամշադինի բնակչության համար Ա.Ղուլարյանի ղեկավարած տարիները կորստի
ժամանակաժրջան դարձան.Այդ տարիներին հնարավոր էր ունենալ Շամշադինը դրսի
հետ կապող 3 ուղղություններով բարեկարգ և անվտանգ ճանապարհ.Ցավոք ունենք
այն,ինչ որ ունենք.
Լևոն Տեր-Պետրոսյանը 3 անգամ այցելել է Շամշադինի շրջան.Նպատակը Գանձաքար-
Իծաքար ճանապարհի կառուցման հետ կապված խնդիրներն են եղել.15 տարի առաջ
կառուցվել ու խճապատվել է այդ ուղին. Շրջանի տարածքը անմասն չի մնացել երկրում իրականացվող բարեփոխումներից, ծրագրերից,կառույցներից.Շրջանի բնակչությունը գնահատել և միշտ իր վստահության
քվեն տվել է գործող իշխանություններին.
Ներկայիս իրավիճակը պահանջում է կտրուկ,վճռական,արագ լուծումներ ծառացած
մարտահրավերներին դիմագրավելու համար.Ժամանակը անցնում է,իրավիճակը չի
վերահսկվում,համարժեք լուծումներ չեն առաջարկվում.Շրջանի համայնքապետերը,
բնակչությունը ստիպված դիմում են ՀՀ նախագահին.