Ֆիլ Քոլինզը մտածում է երաժշտական կյանքին վերադառնալու եւ Genesis-ը վերամիավորելու մասին: Երաժիշտն ասում է, որ ամեն ինչ հնարավոր է:
Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը, Քոլինզը` Շտուտգարտում Disney-ի Tarzan մուլտֆիլմի վրա հիմնված մյուզիքլի բացման արարողության ժամանակ, գերմանական լրատվամիջոցների հետ զրուցելիս ասել է, որ մտածում է բեմ վերադառնալու մասին: Նա նաեւ հայտնել է, որ չի բացառում մարզադաշտային փոփ լեգենդներ դարձած պրոգրեսիվ ռոքերներ Genesis-ի վերամիավորման հնարավորությունը:
«Ես սկսել եմ մտածել նոր բաներ անելու մասին,- ասել է Ֆիլ Քոլինզը Bild am Sonntag գերմանական թերթին տված հարցազրույցում,- հնարավոր է՝ նաեւ ինչ-որ համերգներ նվագելու, նույնիսկ Genesis-ի հետ: Ամեն ինչ հնարավոր է: Մենք կարող էինք շրջագայել Ավստրալիայում եւ Հարավային Ամերիկայում: Մենք այնտեղ դեռ չենք եղել»:
2011-ին Քոլինզը հայտարարել էր, որ հեռանում է երաժշտական ասպարեզից` բացատրելով. «Ես կանգ եմ առնում, քանի որ ցանկանում եմ լրիվ դրույքով հայր լինել երկու մանկահասակ տղաներիս համար ամենօրյա սկզբունքով»: Նախկինում նա նաեւ ասել էր, որ զերծ է մնում հարվածայիններ նվագելուց՝ մեջքի ուժգին ցավերի պատճառով, որոնք երկարամյա անդադար աշխատանքի արդյունքն են: Այժմ, սակայն, նա սկսել է նոր երաժշտություն գրել եւ նստում է հարվածային գործիքների առջեւ` երեխաներից քաջալերում ստանալուց հետո: Նրա համար մեծ դրդապատճառ է այն փաստը, որ իր 8 եւ 12-ամյա որդիները ցանկանում են տեսնել հայրիկին բեմում:
62-ամյա երգիչն ու հարվածահարը ելույթ չի ունեցել 2010-ից, իսկ Genesis-ը միասին համերգներով հանդես չի եկել այդ ժամանակից ի վեր: Genesis հանրահայտ The Lamb Lies Down On Broadway ալբոմը խմբի դասական կազմով` երգիչ Պիտեր Գեբրիելի հետ միասին բեմադրելու գաղափարը նույնպես չիրականացավ, քանզի Գեբրիելը գտնում էր, որ ողջ նախագիծը սկսում է վերահսկողությունից դուրս գալ:
Բացի 2010-ին լույս տեսած Going Back ձայնասկավառակից, որը բաղկացած էր 60-ականների Motown եւ սոուլ ստանդարտներից, Ֆիլ Քոլինզի վերջին ամբողջական ալբոմը 2002-ին թողարված Testify-ն էր, որը դարձավ նրա առաջին սոլո սկավառակը, որ չհասավ չարթերի առաջին հնգյակ: Genesis-ի վերջին ձայնասկավառակը 1997-ի Calling All Stations-ն էր: Իր կարիերայի ընթացքում Քոլինզը բազմաթիվ մրցանակներ եւ նվաճումներ է ունեցել, որոնց թվում են 13 հիթ-սինգլներ, 7 Grammy մրցանակներ եւ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ լավագույն երգի համար` Disney-ի Tarzan մուլտֆիլմում իր աշխատանքի համար: Անցած տարի Քոլինզը դեռեւս շարունակում էր մնալ երկրորդը` աշխարհի ամենահարուստ հարվածահարների ցանկում, The Beatles-ի Ռինգո Սթարից հետո:
Հայկական ռոք ասոցիացիա