Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ երբ, կամ բարոյականության հոգեվարքը

Դեկտեմբեր 07,2013 14:15

Երեւան, 2013թ. «Պետական մրցանակ» գրականության բնագավառում:
Հանձնաժողովում նորից կեղծիք ու շշուկներ՝ գորշը սպիտակեցնելու, ճերմակը սեւացնելու ջղամաշ տենդացավ, մտերմիկ կապեր՝ մրցանակաբաշխության ավարտից հետո շրխկուն կենացներով եւ բարոյականի գլխատում՝ ի փառս ամենակարող Մամոնայի: Բանից պարզվում է, այս երկրում արձակ գործեր էլ չեն ստեղծվում, արձակի հողն ամլացել է, արարման երակը չորացել, պարզվում է՝ 4 տարի շարունակ հաղթողի դափնիները տանում են մեծանուն պոետների հոգնած քերթվածքները: Աստված նրանց հետ: Ամեն ոք ստեղծում է ճիշտ այնքան, որքան տրված է ի վերուստ, բայց հանձնաժողո՜վը. էս սարն ի՜մն է, էս ծառն ի՜մն է, ծառում փչակ կա, փչակում` մի բույն… Մինչ այժմ էլ ինձ համար անընկալելի է՝ ինչպես են դրանք կազմվում՝ ինչպես են տարիներ շարունակ նույն աթոռին «գահակալում» մարդիկ, որոնք ընտրությունը կատարում են ո՛չ ըստ երկի գեղարվեստական արժանիքի, այլ քավոր-սանիկության ու խնամիության դիմակը թաքցրած: Եվ չեն կարդում: Նախապես «վճռում» են, թե գրական երամից ով է բոլորի առջեւից թռչելու եւ վերջ: Հանձնաժողով-մորուտ, որ սովոր է կուլ տալ տարազան արժեքներ, որ թողնում է միայն թեթեւ-անկշռելին՝ հանց եթերային փոշի. գորշ, ցեխագույն ու անպատճառ նամշահոտ: Իսկ անպատժելիությունը նոր ճահիճ է ծնում՝ գորշի հիշողությունը երակներում պահած…
Թեւակոտո՞ր են խոսքերս. է՛, թող՝ մեր լավատեսության ճակատին կացնով են տվել, կացնի բութ կողմով, ցուլ տապալելու նման: Երեք անգամ անցա մրցանակային քավարանի միջով, տեսա անկիրք ու անտարբեր դեմքեր, համբերեցի-դիմացա, եւ այդպես էլ չհասկացա, որ ոգորման թիանավում բոլորն էլ նույն վիճակում են, բացառությամբ թմբուկահարի, որին շնորհված է «չափ պահողի» պաշտոնը:

Չէ՛, խառնափնթոր քաոսը չի հստակվում, չեն երեւում կառամատույցի փրկարար ուրվագծերը. ո՞վ է հրապարակայնորեն ներկայացնելու «շահած» երկի իրական արժեքը, ո՞վ է «մերժված» գործի մերժվածությունը հիմնավորելու: Չի՛ք: Սոսկ շահել է Այսինչն ու վերջ, հաջորդ անգամ՝ Այնինչն ու վերջ. ամենակուլ մսաղաց, որն աղում է ամեն ինչ, բացի մսահան ոսկորներից:

Նախորդ երկու պատմավեպերս՝ «Սարգիս զորավար»-ն ու «Սուրբ մասունքի առեղծված»-ն անտեսի ձեռքով խոտանվեցին, ու ես չէ, որ պետք է դրանք արժեւորեմ: Գիրքը ընթերցողին է եւ նա է իրական դատավորը, այն տրոփող զարկերակը, որ զգում է երկի երկարակեցությունն ու մահաժամը:

Այս անգամ ներկայացրել էի «Եվ արեւը մայր մտավ լուսաբացին» վեպը, որն անդրադարձ էր Հայոց ցեղասպանությանն ու աննկուն Շապին-Գարահիսարցիների հերոսամարտին, պատմության ծանրամարս մի էջ, որ փորձել էի կերտել առանց լալկանության: Եվ ի՞նչ: Նորից նույնը. գորշ, միանման դեմքեր՝ սեւ սերթուկով կամ մուգ շրջազգեստով, մատների մեջ՝ գրիչ եւ խոր անտարբերություն, մարդիկ, որոնցից ոմանք սեփական անվան փոխարեն շահավետ են համարում թաքնվել հանճարեղ նախնու փառքի ստվերում…

Շուտով կհատեմ վաթսունի սահմանը (16 գիրք եմ հեղինակել ու երեք ֆիլմ), անցել եմ արցախյան արնացայլ ճանապարհով, տեսել պաշտոնի մեջ պարփակված մտավորականի երկվությունը, իմաստնացել մազերիս ճերմակով, բայց Աստծո կամոք դեռ կամ, որպեսզի գրիչը ծառայեցնեմ ժողովրդիս: Դա՝ ես: Սակայն ի՞նչ անեն երիտասարդ, հիրավի տաղանդաշատ գրողները, որ հույս են փայփայում, թե գրական դափնի շահելով՝ կհարթեն իրենց ապագա ուղին, կգտնեն մոգական այն շավիղը, որ դեպի Պառնաս է տանում: Ավա՜ղ, ինքնահաստատման ու ճանաչման ջղահան անող ճիգեր, ուրիշ ոչինչ: Ներկա մրցանակաբաշխության մասին: Մասնակիցների թվում էր «Գրողների միության» հարգարժան նախագահը՝ իր խնամիական անխախտ կապերով, որն ի պաշտոնե գրական ընտանիքն ուղղորդելու, արդարության երաշխավոր դառնալու փոխարեն, ինքն էր խառնվել դափնեկռության շքերթին՝ մոռանալով, որ հանձնաժողովի անդամներն իր՝ գրողական ընտանիքից են, նույն Միության անդամներ, եւ որ իր ներկայությունն անհավասար պայմաններ է ստեղծում մնացյալի նկատմամբ: Եվ եղավ այն, ինչը կանխատեսելի էր:
Միության նախագահը Ծուռ Դավթի նման ճոճեց իր «Թուր կեծակին», զարկեց առանց զարկվելու վախի, քանզի առջեւում ո՛չ Մսրա Մելիք կար, ո՛չ էլ Մսըր աշխարհ: Գիտեր՝ ո՞վ է հաղթողին դատելու, ո՞վ է բռնելու բարոյականը քանիցս բռնաբարած գրական ելուզակի ձեռքը. հա՛, կռան ագռավը թող կռա-կռկռա, պանիրը մեկ է՝ կարմրաթուշ աղվեսինն է… Ո՞վ է, պատվելինե՛րս, ձեզ իրավունք տվել սպանել հավատը, գլխատել թվացյալ ողջակեզը կամ դատավորի մուրճիկն իջեցնել Քերթության ճակատին, ո՞վ է իրավել, որ գրականության դեմքին խորշոմներ նկարեք: Այո՛, աթոռը որքան սերտաճելու, նույնչափ եւ ժանգակալելու հատկություն ունի, եթե անգամ… փայտից է: Մինչեւ ե՞րբ է ազգակործան այս անբարոն իր հաղթարշավը շարունակելու, ե՞րբ է գրողը զգալու, որ գնահատվում է ըստ տաղանդի, ըստ աստվածատուր շնորհքի, բայց ոչ կամոքն պատեհապաշտների, որոնց նախընտրելի տիրույթը… լորձածոր սարդոստայն է. մինչեւ ե՞րբ:

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆ
ՀԳՄ անդամ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մինչև ե՞րբ։ Մինչև որ նորը, մաքուրը, վսեմը, առանձնանա և առհամարի այս ոհմակային բարքերը
    կրող նեխած, փթած համակարգին։

  2. Մտավորական մարդը երբ հեռանում է իր կոչումից, դառնում է ֆուտլյար, դատարկ, կեղծ մի էություն, որի միակ գերնպատակը իր «անունը» պահելն: Ցավոք մեր իրականության մեջ հիմա այդ «անունը» շատ թանկ արժե: Դրանով կարելի է պահել և տուն և գերդաստան և…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031