Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դրամով վարկերը կարող են շուկայից դուրս մղվել

Դեկտեմբեր 07,2013 14:29

Եթե Համաշխարհային բանկի խորհուրդը չկատարվի

Համաշխարհային բանկը վերջերս հրապարակեց մի զեկույց, որտեղ մանրամասն նկարագրվում է Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի խնդիրները:
Հայաստանի ֆինանսական շուկան ուսումնասիրելով՝ Համաշխարհային բանկը (ՀԲ) եզրահանգել է՝ «Հայաստանում բաժնետոմսերի շուկան, որպես այդպիսին, դեռեւս չի գործում»: Մեր երկիրը բորսայի կապիտալացման տեսանկյունից զիջում է Եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի բազմաթիվ երկրներին. բորսայի կապիտալացումը մեզ մոտ կազմում է համախառն ներքին արդյունքի ընդամենը 1%-ը: Ու թեպետ 2009 թվականին Nasdaq-OMX ընկերությունը մուտք գործեց հայկական շուկա եւ մի շարք տեխնիկական բարելավումներ իրականացրեց, սակայն ՀԲ-ն նշել է, որ իրավիճակի կտրուկ փոփոխության չեն հանգեցրել այդ բարեփոխումները:

Ըստ զեկույցի՝ «Շուկայական մեխանիզմների թերզարգացվածության, ինչպես նաեւ «երկար փողեր» կառավարող ինստիտուցիոնալ ներդրողների եւ ընկերությունների գործունեության թափանցիկության բացակայության հետեւանքով ցածր է իրացվելիության մակարդակը: Ընկերությունները դեռեւս ձեռք չեն բերել կորպորատիվ կառավարման բավարար փորձ եւ գիտելիքներ, որոնք նրանց թույլ կտային արդյունավետ գործել բորսայում: Կորպորատիվ ոլորտում դեռեւս գերակայում են ընտանեկան կառավարման սկզբունքները, որոնց պայմաններում հնարավոր չէ արդյունավետ ներդնել բաժնեմասերի դիվերսիֆիկացման մշակույթը, ինչպես նաեւ կառավարումը տարանջատել սեփականատիրությունից»:

Հայաստանում գործող ընկերությունների թափանցիկությանը որպես, կարելի է ասել, խոչընդոտ բորսայի զարգացմանը անդրադարձել էր (ԱՌԿԱ գործակալություն-02.03.2012) նաեւ Nasdaq-OMX-Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, որը թեեւ վստահեցրել էր, որ 2012 թվականը բեկումնային կլինի բաժնետոմսերի շուկայի համար, սակայն նշել էր նաեւ, որ կան երեք գործոններ, որոնք լուծելուց հետո հայկական բորսան կզարգանա: Այդ գործոններից մեկը, ըստ պարոն Սարոյանի, ստվերային տնտեսության դեմ պայքարն է. «Դուրս գալով բորսայի հարթակ եւ օգտվելով հարկային արտոնություններից՝ ստվերային բիզնեսի մոտ հարց է ծագում՝ կկարողանա՞ արդյոք տնտեսել՝ հանդես գալով որպես հրապարակային եւ թափանցիկ ընկերություն: Հաճախ մեր գործարարներին չի հետաքրքրում լրացուցիչ միջոցների ներգրավումը, քանի որ նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես դրանք ծախսել»:
Մինչ ստվերում աշխատող մեր խոշոր գործարարները կանցնեն ազնիվ եւ քաղաքակիրթ տնտեսվարման եւ կփորձեն բաժնետոմսերի շուկա մտնել, նշենք, որ այս տարի կառավարությունը թողարկեց 700 միլիոն դոլարի եվրոպարտատոմսեր, որը տնտեսագետների գնահատմամբ՝ կարող է խթան հանդիսանալ Հայաստանում բաժնետոմսերի շուկայի ակտիվացման համար:

Անդրադառնալով Հայաստանի բանկային համակարգին՝ ՀԲ-ն արձանագրել է, որ այն ամուր հիմքերի վրա է, արագ զարգանում է, սակայն մեծության առումով եւ նորարարությամբ դեռեւս զիջում է Եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի երկրների մեծ մասին:

Ըստ ՀԲ-ի զեկույցի՝ 2005-2012թթ.-ին բանկային ակտիվներն աճել են 6 անգամ, 2013-ի հունվարին Հայաստանի բանկային հատվածում գործում են 21 առեւտրային եւ 1 զարգացման բանկ, որոնք հանդիսանալով երկրի ֆինանսական ակտիվների ավելի քան 90%-ի սեփականատեր՝ գերիշխում են ֆինանսական շուկայում, իսկ վարկային կազմակերպությունների կշիռը երկրի ֆինանսական ակտիվներում շատ փոքր է:
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի բանկերում ավանդների ներգրավման ծառայությունների առումով մեր ցուցանիշը տարածաշրջանում ցածր է: «2009 թվականի ճգնաժամից հետո վստահությունը նվազել է, ավանդները հիմնականում դոլարով էին, բանկերի ֆինանսավորման 10%-ն առաջանում է հայ-գերմանական հիմնադրամի միջոցով՝ մատչելի տոկոսադրույքներով հատկացվող վարկերից, եւ նման վարկային գծերի ձեռք բերման գները եթե չհամապատասխանեցվեն երկարաժամկետ մարման տոկոսադրույքներին, կարող են վերջիվերջո շուկայից դուրս մղել ՀՀ դրամով վարկերը»,- նշված է զեկույցում: Բանկային խնայողությունների դոլարիզացիայի բարձր մակարդակը ՀԲ-ն պայմանավորել է սփյուռքահայությունից ստացված մեծածավալ մասնավոր փոխանցումներով, մասամբ էլ՝ ազգային արժույթի նկատմամբ համընդհանուր անվստահությամբ եւ արժեզրկման մտավախությամբ:

ՀԲ-ի ուսումնասիրության արդյունքներով՝ միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար դժվարություններ են առաջանում վարկերից օգտվելու հարցում. ՀԲ-ն հաստատեց այն, ինչ մշտապես բարձրացնում են տեղական տնտեսագետները: Համաշխարհային բանկը ՄՓՄՁ-ների այդ խնդիրը պայմանավորել է փոխադարձ անվստահությամբ:

Օրինակ՝ բանկերը նշել են, որ ՄՓՄՁ-ները վարկունակ համարվելու համար անհրաժեշտ ունակություններ չունեն: Բանկերի համար անվստահելի ձեռնարկություններում բացակայում են ֆինանսական կառավարման եւ մարքեթինգի տեխնոլոգիաներն ու ունակությունները: Սակայն եթե հաշվի առնենք, որ միկրոբիզնեսը կարող է ունենալ ընդամենը, ասենք՝ մինչեւ 5 աշխատող, եւ եթե հաշվի առնենք, որ այդ փոքր խանութը կամ փոքրիկ արտադրամասը, ասենք, գտնվում է մի հեռավոր գյուղում, ապա դժվար թե այդ գործարարը տիրապետի մարքեթինգի տեխնոլոգիաներին եւ դրա պատճառով, փաստորեն, զրկված է բիզնեսն ընդլայնելու հնարավորությունից:

Բազմաթիվ ընկերությունների համար, ըստ Համաշխարհային բանկի, վարկավորման պայմանները անմատչելի են. բարձր տոկոսադրույքներն ու գրավի պահանջը այն երկու գործոններն են, որոնք գործարարները նշել են որպես բանկային վարկերից օգտվելու հիմնական խոչընդոտներ: Զեկույցում նաեւ արձանագրվել է, որ շատ բանկեր չեն էլ ձգտում ընդլայնել հաճախորդների շրջանակը եւ բավարարվում են փոքրաթիվ վստահելի հաճախորդներով: Ու թեեւ Հայաստանում գործում են ՄՓՄՁ-ների ֆինանսական կարողությունների հզորացման զարգացման ծրագրեր, սակայն ըստ ՀԲ-ի՝ դրանք դեռեւս նշանակալի արդյունքներ չեն տվել:

Հայաստանի բանկերը, ըստ ՀԲ-ի զեկույցի, մեծ մասամբ փոքր են, նույնիսկ ամենամեծ բանկի բաժնետիրական կապիտալը չի գերազանցում 100 միլիոն դոլարը. «Հաշվի առնելով 1 վարկատուի վարկավորման 20% սահմանաչափը՝ Հայաստանում ամենամեծ բանկի կողմից տրամադրվող առավելագույն վարկը չի կարող գերազանցել 20 միլիոն դոլարը: Այդ պատճառով առեւտրային բանկերը զրկված են խոշոր ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունից»: Փորձագետների կարծիքով՝ ոլորտի արդյունավետության բարձրացման, այդ թվում՝ արդիական տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման դեպքում հնարավոր է մինչեւ 1.5% կրճատել բանկային տոկոսադրույքները:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031