Հարազատի ծանր կորուստ ապրածՙ աղետի գոտու շուրջ 500 հազար բնակիչների հետ արդեն 25-րդ տարին Սպիտակի երկրաշարժի ծանր հիշողություններն է վերապրում Սաբիր Ստեփանյանը , ով այդ տարիներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահության անդամ էր, ՀԽՍՀ պետական մատակարարումների կոմիտեի նախագահ, երկրաշարժի հետեւանքների վերացման անմիջական պատասխանատուներից: Այդ դժնդակ օրերի նրա անձնուրաց գործունեության մասին թերեւս ամենաբնորոշ ու դիպուկ գնահատականը տվել է այդ ժամանակ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Իվան Սիլաեւը. «Եթե ինչ-որ բան անելն անհնար է, հանձնարարեք Ստեփանյանին, նա կարող է անել հնարավորն ու անհնարինը»: Մինչ օրս աղետի հետեւանքների ամբողջական պատկերը ճշգրիտ թվագրությամբ մտապահող զրուցակիցս, այնուամենայնիվ, համարում է, որ որեւէ չափորոշիչով կամ սանդղակով հնարավոր չէ չափել մարդկային մեծ վիշտն ու ցավը, որ այդ օրերին ապրեց ողջ հայ ժողովուրդը.
– Ամենասարսափազդու ֆիլմերում անգամ անհնար է ներկայացնել այն ահարկու պատկերը, որ տիրում էր Հայաստանի երկու մեծ քաղաքներն ու հարյուրավոր գյուղեր ընդգրկող աղետի գոտում. Սպիտակն ու Լենինականը, ամբողջովին ավերակների մեջ, մարտի դաշտ էին հիշեցնում, ամենուր դիակներ, լալահառաչ ծանր վիրավորներ, խուճապի մատնված ողջ մնացածներ… գերեզմանոցներում սարսափելի պատկեր էր… բառերն անզոր են նկարագրելու այդ սոդոմ-գոմորը… ողջ մնացածներին եւ հազարավոր զոհվածներին փլատակների տակից հանող զինվորներն ու կամավորները լացում էին դիակները հողին հանձնելով. մարդկանց թաղում էին եղբայրական գերեզմանոցում, առանց անվան հիշատակման:
Հե՞շտ է ասելՙ 25 հազար զոհ: Սարսափելի մի պատկեր հիշողությունիցս երբեւէ ջնջել չի լինի. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ԽՍՀՄ պետմատի նախագահ Լեւ Վորոնինի հետ Լենինական մտնելիս ականատես եղանք, թե ինչպես 10-14 տարեկան երեք անչափահաս երեխա միայնակ «Ժիգուլի» ավտոմեքենայով իրենց ծնողների երեք դագաղներն էին տանում գերեզմանոց, փորձելով մեքենայի տանիքին մի կերպ պահել դրանք:
– Ինչպե՞ս ընդունեցիք երկրաշարժի լուրը: Ինչպե՞ս հաջողվեց կազմակերպչական հսկայածավալ աշխատանքներ իրականացնել:
Կարդացեք նաև
– Երկրաշարժի մասին լուրն իմանալուց րոպեներ անց Մինիստրների խորհրդումՙ Ֆադեյ Սարգսյանի մոտ էինք. շուտով պարզ դարձավ, որ Հայաստանի ողջ հյուսիսը վերածվել է աղետի գոտու, որ կան տասնյակհազարավոր զոհեր: Հայաստան ժամանեց ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը. քաղբյուրոն կազմավորեց հատուկ հանձնաժողով նրա ղեկավարությամբ, որի կազմում էին իր տեղակալներ Բատալինը, Սիլաեւը, Վորոնինը, ՀԽՍՀ կոմկուսի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը, միութենական նախարարներ, կենտկոմի եւ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի այլ պատասխանատու անձինք: Հայաստանի պետական մատակարարումների կոմիտեից հանձնաժողովի կազմում ընդգրկվել էի նաեւ ես: Եվ այդ մարդիկ երկու ամիս չհեռացան Հայաստանից, աշխատելով առանց հանգստի: Մինիստրների խորհրդում Ֆադեյ Սարգսյանի ղեկավարությամբ ձեւավորվեց օպերատիվ արձագանքման շտաբ. տեղում աշխատանքների կազմակերպման նպատակով շտաբներ ձեւավորվեցին նաեւ Սպիտակում, Լենինականում եւ Կիրովականում: Ողբերգության հենց առաջին օրից գործի դրվեց ԽՍՀՄ պետմատի ողջ հզոր համակարգը. տարածքային բոլոր ենթակառույցները ուղղորդվեցին օգնելու Հայաստանին: Եթե սովորական ժամանակներում մեր երկիր օրական 400-500 վագոն էր մտնում, ապա այդ օրերին դրանց թիվը հասնում էր 2,5 հազարի, որոնք Հայաստան էին բերում սնունդ, հագուստ, տնակներ, վրաններ, սարքավորումներ, տեխնիկա: Օգնությունը միայն նյութական չէր. վերականգնվեց շինարարական ինդուստրիանՙ ստեղծվեցին արտադրական շինանյութերի ձեռնարկություններ, գործարկվեց Արարատի ցեմենտի գործարանի երկրորդ հերթափոխը: Ստացված օգնության արդյունավետ օգտագործման եւ նպատակային բաշխման կազմակերպումը լուրջ հիմնախնդիր էր: Հանրապետության պետական մատակարարման կոմիտեն կարճ ժամանակահատվածում Ախուրյանում կառուցեց Եվրոպայի խոշորագույն պահեստային բազաներից մեկը, միաժամանակ առկա շինություններից բազաներ վերաձեւավորելով նաեւ Երեւանում, Մասիսում, Կիրովականում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» օրաթերթի այսօրվա համարում: