Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռեժիսոր. «Թատերական դաշտում վաղուց մեռել ենք, պարզապես մեզ չեն ասում, որ տրամադրություններս չընկնի»

Դեկտեմբեր 06,2013 23:18

«Մոտենում է 2015 թվականը, և մենք նոր ենք սկսում մտածել, որ ցեղասպանության 100-ամյակին նվիրված մի կտավ անգամ չունենք»,- այսօր «Մենք» մշակութային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԹԿՊԻ ռեկտոր, պրոֆեսոր, ռեժիսոր Արմեն Մազմանյանը և հավելեց. «Կինոյից ավելի հզոր լեզու չկա: Առայսօր մենք նման գլոբալ խնդիրների հանդեպ անտարբեր ենք, մինչդեռ վերջերս իմացա, որ 200-300 մլն դրամ ենք ծախսում մի մյուզիքլի վրա, որը նվիրված է Սայաթ-Նովայի 300-ամյակին: Խաղի կանոնները սարսափելի են, երբ տեսնում ես բյուջետային ծախսերի աննպատակայնությունը»:

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, անդրադառնալով հայկական ֆիլմարտադրության ներկայիս դրությանը, նկատեց, որ քանակական առումով կինոն գուցե և առաջընթաց է ապրել, բայց որակական առումով՝ ոչ. «Երկրում դեգրադացիա է տիրում, որի պատճառը դիլետանտիզմն է: Իսկ եթե ավելի խորը նայենք, կարծում եմ՝ պատճառը թվային հեղափոխությունն է, թվայնացումից հետո, երբ ժապավենը փոխարինվեց թվային անալոգով, ով տեսախցիկ ուներ, դարձավ կինոռեժիսոր: Մեր կատակերգասեր ժողովուրդը կորցրեց նաև իր հեղինակին: «Փոքրիկ Զորավար» կատակերգությունը 500 անգամ գերազանցել է իր բյուջեն: Ամերիկյան որևէ պրոդյուսեր, որ իմանա սա, կարող է կաթվածահար լինել»,- ասաց կինոռեժիսորը:

«Չէ, կգա Հայաստանում աշխատելու»,- ավելացրեց Արմեն Մազմանյանը:

Է. Բաղդասարյանն ընդգծեց, որ դրա պատճառը պահանջարկն է. «Սարսափելի բան պիտի ասեմ. հանդիսատեսի մակարդակն ընկել է, բայց ես չեմ մեղադրում նրանց, մեղավորը ես եմ, մեղավորը մութ ու ցուրտ տարիներն են, որ այդ ժամանակվա սերունդը ոչ մի բան չի տեսել: Այդ սերնդի մշակութային էրուդիցիան զրո է, դրա համար էլ դրա սպառողն է»:

Պարզվում է՝ Ա. Մազմանյանը կինոդաշտում ավելի լավատես է, քան թատերական դաշտում. «Կարծում եմ, որ և´ «Ոսկե ծիրանը», և´ էլի մի քանի փառատոններ ակտիվացնում են կինոդաշտը: Այլ հարց է, որ դաշտում չի ծնվում հեղինակային կինոն, չի ծնվում մաթևոսյանական գրականության նման լայնախոհ մի բան: Սով է, որ ես զգում եմ: Այ իսկ թատերական դաշտում վաղուց մեռել ենք, պարզապես մեզ չեն ասում, որ տրամադրություններս չընկնի,- ասում է պարոն Մազմանյանը: – Ես, Ռուբեն Բաբայանը և էլի մի քանի մարդիկ վաղուց ենք դուրս եկել միությունից: Այն օրը զավեշտ էր: Այդ կիսադատարկ, իդեալական, սառը դահլիճում նորից ընտրում էինք «ցմահ» նախագահ, նորից պարզվում էր, որ մենք աշխարհում ամենահայտնի թատրոնն ենք… Մի խումբ մարդիկ դաշտում եղածը մարսելու կամ սեփական ես-ին ծառայեցնելու համար խաբում են և´ հանրությանը, և´ լրատվությանը, և´ հենց թատերական գործիչներին»:

Բանախոսի խոսքով՝ մեզանում թատերական դաշտ մեծ իմաստով գոյություն չունի: Ունենք 2-3 թատերական հարթակ, որտեղ համեմատաբար պրոֆեսիոնալ են աշխատում, որտեղ մոնոներկայացումներ են ծնվում և այլն: Արմեն Մազմանյանը գտնում է, որ կա լավ սերունդ, բայց, ինչպես միշտ, շնորհալին, տաղանդավորը զբաղված է սովորելով, քրտնելով, իսկ տգետը` դաշտը գրավելով. «Մեկը դառնում է սցենարիստ, հետո հարևան Վարդուշին բերում-դարձնում է դերասան, էն մի բարեկամին՝ ռեժիսոր և այսպես շարունակ: Սա գլոբալ խնդիր է, որի արդյունքում սերունդն է փչանում»,- ասում է նա:

«Մենք՝ որպես հայի տեսակ, շատ ենք սիրում շուկայական հարաբերությունները,- ասում է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: – Խորհրդային միության տարիներին մեր մտածողությունն այդ տարածքի չափ լայն էր, իսկ հիմա դարձել է 29 հազ. քառ. կմ, ճիշտ այնքան, որքան Հայաստանի տարածքն է: Եթե արվեստագետն իրեն չի զգում մշակութային դաշտի մասնիկ, դա սարսափելի է»:

Պարոն Բաղդասարյանը համոզված է, որ իրավիճակը շտկելու հիմնական տարբերակը կրթությունն է, որը պետք է սկսվի օջախից: «Եթե երեխան մանկուց այդ ամենազզվելի, վայնասուն ռաբիսն է լսել, նրա ականջներն արդեն պղծված են: Լավագույն կրկնօրինակող թռչունը թութակը չէ: Ագռավն է: Բայց հենց ձվից դուրս եկավ, պիտի անմիջապես վերցնես, որ հանկարծ կռռոց չլսի: Լսեց՝ ողջ կյանքում կկռռա»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031