Նախախորհրդարանի անդամներ Տիգրան Խզմալյանը, Կարո Եղնուկյանն ու Սյուզան Սիմոնյանը նախաձեռնել են ստեղծել «Իրավունք և աջակցություն» հիմնադրամը:
Այն ունենալու է թեժ գիծ եւ զբաղվելու է քաղաքական հետապնդման եւ հալածանքների ենթարկվող քաղաքացիների իրավապաշտպանությամբ:
Ըստ տիկին Սիմոնյանի, հիմնադրամն ունենալու է արագ արձագանքման եւ փաստահավաք խմբեր. «Այդ փաստերի հիման վրա էլ ազգային, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ կապ ենք հաստատելու՝ նրանց աջակցությունը ստանալու համար»:
Տիգրան Խզմալյանն էլ ասաց՝ իրենց հիմնադրամը տարբերվելու է արդեն գործող իրավապաշտպան կազմակերպություններից. «Նոր կառույց է ստեղծվում…կան շատ այլ կազմակերպություններ, օրինակ՝ ՄԻՊ –ի պաշտոնական սոցիալական ինստիտուտը, բայց հիմքեր ունենք եւ հասարակությունն էլ կարիք ունի այլընտրանքային կառույցի: Մեր հիմնադրամը, հատկապես քաղաքական բանտարկյալներով ու հալածյալներով է զբաղվելու: ՄԻՊ-ի պես կառույցը կախվածության մեջ է Հայաստանի նախագահներից եւ, ի սկզբանե, չի կարող կատարել քաղաքական հողի վրա հետապնդվող քաղաքացիների պաշտպանությունը»: Պարոն Խզմալյանը նաեւ հավելեց, որ իրենց հիմնադրամը վերկուսակցական է լինելու:
Կարդացեք նաև
Պարոն Եղնուկյանն էլ հավելեց, որ արագ արձագանքման խումբը աջակցելու է նաեւ մարզերի բնակիչներին, իսկ ներգրավված փաստաբանները վճարվելու են իրենց կողմից. «Որոշ փաստաբաններ իրենց ծառայությունները զեղչով, որոշները՝ անվճար, որոշներն էլ մեր կողմից կվճարվեն: Դիմելու ենք մեր հայրենակիցներին, կլինի դրամահավաք մեր քաղաքացիներից կդիմենք նաեւ միջազգային իրավունքների պաշտպանության կազմակերպություններին՝ դրամաշնորհային, մասնագիտական աջակցություն ստանալու համար: Պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, մեր նպատակն է այսօրվա ակտիվիստներին, որոնք ենթարկվում են բռնությունների թեւ ու թիկունք կանգնել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ