Aravot.am-ը Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ուրիշների օրինակով դասական երաժշտություն ներկայացնելիս չեն կիրառում շոուի տարրեր:
«Մենք չենք գնում այդ ուղղությամբ, քանի որ շոուի տարրերը կիրառում են այն դեպքում, եթե մասնագիտական պակաս կա խմբի մեջ, եւ այդկերպ փորձում են լրացնել բացը: Կամերային երգչախմբի պարագայում դա բացառում եմ: Օրինակ, 2009-ին Սեն Լուի տաճարում մեր երգչախումբը մեկ ժամից ավելի Կոմիտաս է կատարել, 1500 ֆրանսիացի արցունքն աչքերին լսել է ու ծափահարել Կոմիտասի հոգեւոր ստեղծագործությունները: Եթե մենք ունենք այդ ազդեցությունը, իմաստ չունի էժանագին բաներ անել: Մի գուցե ուրիշ խմբեր դրա անհրաժեշտությունն ունեն, ինչի համար չեմ մեղադրում»:
Պարոն Արաբյանը հայ երաժիշտների բարձրակարգ լինելը շեշտելու համար հիշեցրեց, որ երկու տարի առաջ youtube-ում տեղադրել են մի տեսագրություն՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի ու Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ, որը ռեկորդային՝ շուրջ 1 մլն 300000 դիտում է հավաքել, այն դեպքում, երբ նույն ստեղծագործությունը Ֆոն Կարայանի ու մյուսների պարագայում՝ ավելի քիչ է դիտվել:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ