Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեհ կինոռեժիսոր. Հայ ուսանողների եռանդը եւ զգայունությունը չեմ կարող ուրիշ ոչ մեկի հետ համեմատել

Դեկտեմբեր 06,2013 21:10

Այսօր «Մոսկվա» Կինոթատրոնում տեղի ունեցավ «Երեւանը՝ արեւածագից մինչեւ մայրամուտ» ֆիլմի պրեմիերան, որը լեհ անվանի ռեժիսորների եւ Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համատեղ նախագիծն է:

Ֆիլմը նկարահանվել է «Աշխարհը՝ արեւածագից մինչեւ մայրամուտ» լեհական նախագծի շրջանակներում, որն ամեն տարի ընտրում է մի քանի նոր մայրաքաղաք եւ նրանց համապատասխան բուհերի ուսանողների հետ իրականացնում է մեկամսյա վարպետության դասընթացներ:

Վարպետության դասերին մասնակցել են Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերի եւ մագիստրատուրայի ուսանողները: Այդ դասերի ընթացքում էլ նկարահանվել են կարճամետրաժ ֆիլմեր, որոնք բնորոշում են Երեւանը:

«Աշխարհը՝ արեւածագից մինչեւ մայրամուտ» նախագծի մասնակից քաղաքներն են Վարշավան, Մինսկը, Կիեւը, Մոսկվան, Պեկինը, Տոկիոն, Բրյուսելը, այս տարի նրանց ավելացան Երեւանը, Քիշինեւը, Թբիլիսին եւ Բիգդոշը: 2014 թվականին այս քաղաքներին կմիանան նաեւ Բաքուն, Ստամբուլը եւ Կալկաթան:

Լեհ կինոռեժիսոր Յացեկ Բլավուտը, ով նաեւ վարպետության դասեր է անցկացրել Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, Aravot.am-ի հետ զրույցում ֆիլմը կարողացավ նկարագրել ընդամենը մեկ արտահայտությամբ՝ «Սա սիրո կինո է: Սա նկարահանված է մեծ սիրով»: Նա նաեւ անդրադարձավ վարպետության դասերին մասնակցած հայ ուսանողներին. «Այսօր առավոտյան ուսանողներին, ազնվությամբ, առանց որեւէ ստի, ասել եմ, որ իրենց եռանդը եւ զգայունությունը չեմ կարող ուրիշ ոչ մեկի հետ համեմատել: Դա ազնվորեն եմ ասում»:

Հնչյունային ռեժիսոր Տաթեւիկ Մանուկյանը, այն ուսանողներից է, ովքեր մասնակցել են այդ վարպետության դասընթացներին, նա այս նախագիծը համարում է մեծ փորձ.  «Սովորել ենք շատ-շատ կարեւոր բաներ եւ արդյունքում ստացվեց ֆիլմ, որը կարծում եմ՝ ստացվել է: Մենք Երեւանը ցույց չենք տվել պայծառ գույներով, փոխարեն՝ ցույց ենք տվել, այն արդի Երեւանը, որ կա, կարծում եմ՝ հանդիսատեսը ավելի շատ դա կգնահատի, քան՝ կեղծ լուսավորը»:

Երեւանյան պրեմիերային հաջորդելու է ֆիլմի համաշխարհային պրեմիերան Լեհաստանում եւ ցուցադրությունը մասնակից երկրներում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031