Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանի շենքում դատապարտյալի ինքնավնասման մասին լռություն է

Դեկտեմբեր 06,2013 19:54

14 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Պետրոսյանը դիմել էր ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան: Նա բողոքարկում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը:

Տեղեկացնենք, որ դատարանը հաստատված է համարել այն մեղադրանքը, համաձայն որի, Ա.Պետրոսյանը, գտնվելով ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում, պատժի կրման ընթացքում «իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու դիտավորությամբ»,  Ալբերտ Հակոբյանի օժանդակությամբ 2012թ. մայիսի 3-ին Գագիկ Քերոբյանից ապօրինի ձեռք է բերել զգալի չափի թմրամիջոց: Մեկ այլ դրվագով էլ, դատապարտյալը 2012թ. օգոստոսի 8- 21-ն ընկած ժամանակահատվածում՝ Ալբերտ Հակոբյանի և իր կնոջ՝ Ալլա Մախովայի օժանդակությամբ էր ձեռք բերել ընդհանուր 14 դեպքով, «քննությամբ դեռևս չպարզված անձանցից»  խոշոր չափերով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր: Այդ դեղահաբերը, ըստ գործի նյութերի, նա իրացնելու նպատակով պահել և իրացրել է Արտաշես Բաղումյանին և այլ անձանց։

Նոյեմբերի 29-ին դատապարտյալը վերաքննիչ դատարանում դիմել է ինքնավնասման:

Մինչ այդ, օրեր առաջ նա ինքնավնասման էր դիմել, փորձ անելով կտրել իր պարանոցը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, ուր լսվում էր մեկ այլ քրեական գործ, որը հարուցվել էր Արթուր Պետրոսյանի նկատմամբ. նա շշով հարվածել էր դատախազի ուղղությամբ, եւ այդ գործով տուժող էր ճանաչվել թմրանյութի գործով նրա դեմ մեղադրանքը պաշտպանող դատախազը:

Վերաքննիչ դատարանում ինքնավնասման մասին փորձեցին ճշտել տեղում:

Պարզվեց նման փորձ, իրոք, Պետրոսյանը կատարել է վերաքննիչ դատարանի  կալանավորներին պահելու խցում, որը դատարանի շենքում է, սակայն գտնվում է ոստիկանության հսկողության տակ:

Նկատենք, որ դատական կարգադրիչների ծառայությունն այդ խցերում հսկողություն չի իրականացնում:

Նախնական տեղեկությունների համաձայն, նա կրակայրիչի ծայրով է փորձել դիմել նման քայլի:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031