Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար այսօր Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում քննություն հանձնեց 26 հավակնորդ:
«Քննությունն անցկացվում է հավասար պայմաններում, այսինքն՝ թե մասնակիցներից ովքեր են տնօրեն, ովքեր են փոխտնօրեն կամ ուսուցիչ, հանձնաժողովի անդամներին հայտնի չէ: Սա շատ կարևոր է կողմնապահություններից խուսափելու առումով»,- ասաց հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման քննության հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԿԳ նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են դառնալ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն, նախ մասնակցում են հավաստագրման քննությանը, որը բարեհաջող հանձնելու դեպքում ստանում են հավաստագիր, ապա յուրաքանչյուր դպրոցի կառավարման խորհուրդն անցկացնում է տվյալ դպրոցի տնօրենի մրցույթ, որին կարող են մասնակցել հավաստագիր ունեցող հավակնորդները և հաղթելու դեպքում նշանակվել տնօրեն:
Անդրադառնալով քննության բուն նպատակին՝ Ռ. Գրիգորյանն ասաց. «Հարցաշարերում ընդգրկված հարցերը վերաբերում են սահմանադրությանը, աշխատանքային օրենսգրքին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքին, հանրակրթության մասին օրենքին և այլն: Դպրոցի տնօրենը պարտավոր է բոլոր այդ օրենսդրական ակտերին ծանոթ լինել, որպեսզի որպես կառավարող մարմին՝ պատրաստ լինի կառավարելու իր տնօրինությանը հանձնված դպրոցը: Հիմնական նպատակը դա է»:
Կարդացեք նաև
«Ընդհանուր առմամբ հարցաշարում ընդգրկված են այնպիսի հարցեր, որոնց ամեն աշխատանքային օր կարող է առնչվել տնօրենը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու երկրորդ դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը, որը նույնպես մասնակցում էր քննությանը:
«Նախքան հավաստագրման քննությունը, տնօրենի պաշտոնի յուրաքանչյուր հավակնորդ անցնում է վերապատրաստման դասընթացներ, որոնց շրջանակներում բավականին բարձր մակարդակով ներկայացվում են հարցաշարերը, առաջադրանքները և այլն: Այսինքն՝ բոլորս էլ նախապատրաստվել ենք քննությանը»,- ասաց մեր զրուցակիցը և նկատեց, որ ինքը կարևորում է քննություն հանձնելու գաղափարը, քանի որ գիտելիքների որոշակի պաշար բոլորը պետք է ունենան, որպեսզի կարողանան լինել տնօրենի թեկնածու:
Նշենք, որ թեստային հարցերի (60 հարց) 90%-ին պատասխանելու դեպքում միայն մասնակիցը կարող է ստանալ հավաստագիր, այսինքն՝ նա կարող է սխալ պատասխանել առավելագույնը 6 հարցի, 7 և ավելի սխալ պատասխանի դեպքում չի կարող մասնակցել բանավոր քննությանը (5 հարց):
Հարցին, թե արդյո՞ք գործող տնօրենը զրկվում է իր պաշտոնից քննությունը հանձնել չկարողանալու դեպքում, քննական հանձնաժողովի նախագահ Ռ. Գրիգորյանը պատասխանեց. «Ընդհանրապես դպրոցի տնօրենը պաշտոնավարում է հինգ տարի ժամկետով: Եվ եթե նրան չի հաջողվում հանձնել հավաստագրման քննությունը պաշտոնավարման այդ հինգ տարիների ընթացքում, դա չի խանգարում, որ նա շարունակի մնալ տնօրենի պաշտոնում: Բայց եթե ժամկետը լրանում է, և նոր մրցույթ է հայտարարվում, իսկ նա այդ ժամանակահատվածում էլ հասցրած չի լինում հավաստագիր ձեռք բերել, այդ դեպքում չի կարող մասնակցել կառավարման խորհրդի կողմից հայտարարված տնօրենների մրցույթին»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Եթե հարցաշարում լինի այսպիսի հարց`
ո՞վ կարող է դառնալ դպրոցի տնօրեն:
Ճիշտ պատասխանը միանշանակ է.
Ավագ դպրոցներում նա ով վայելում է ԿԳ նախարարի համակրանքը,
իսկ հիմնական և միջնակարգ դպրոցներում Երավանում քաղաքապետի իսկ մարզերում մարզպետների:
Մնացածը ինչ արվում է Ազգային Ժողովը օրենքներ է ընդունում կրթության, հանրակրթության մասին, հավաստագրման գործնթաց է կազմակերպվում և այլն դրանք արվում են որ եվրոպան տեսնի որ մենք էլ պետություն ենք:
Եվ այս ամենում իհարկե մեղավորները Պուտինն է, Օբաման, հա չմոռանամ նաև Մերկելին և Օլանդին: