«Մեր ցուցահանդեսն, ի տարբերություն մյուս ցուցահանդեսների, ունի մի հիանալի առանձնահատկություն. ուրիշ ցուցահանդեսներում ասում են՝ վա՜յ, չմոտենա՛ք, չդիպչե՛ք, այս ցուցահանդեսում հակառակը՝ պետք է մոտենալ, դիպչել»,- դեկտեմբերի 6-ին Երեւանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցած «Երկրաշարժ, որը ցնցեց մեդիան» ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարեց «Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանն:
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ցուցահանդեսը կազմակերպված է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին «Ինտերնյուս») ««Լրատուն» մեդիա թանգարան» նախագծի շրջանակներում: Ցուցահանդեսի թեման 1988 թվականի երկրաշարժն է, այն նախ եղել է Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում եւ Կապանում, իսկ Երեւանում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մնալու է 1 շաբաթ՝ դեկտեմբերի 6-ից մինչեւ դեկտեմբերի 13-ը:
Ցուցահանդեսի ընթացքում այցելուն հնարավորություն ունի հպէկրանի (touchscreen) վրա դիտել սովետական թերթերի անդրադարձը երկրաշարժին, հեռուստատեսային ռեպորտաժներ, լուսանկարներ, վավերագրական ֆիլմեր, հարցազրույցներ անվանի լրագրողների, վավերագրողների եւ լուսնկարիչների հետ:
Մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը կարծում է, որ ցուցահանդեսը օգտակար է, նամանավանդ երիտասարդ լրագրողների համար.
Կարդացեք նաև
«Բավականին հետաքրքիր է, նամանավանդ նրանց համար, ովքեր չեն տեսել սովետական մամուլը. Ի՞նչ էր տալիս, ի՞նչ ձեւով էր տալիս: Եթե նայենք 1988 թվականի դեկտեմբերի 8-ի առաջին էջերը, պարզ կլինի, թե ինչպես էր աշխատում մեդիան, նաեւ մարդիկ, լուսանկարիչները, առանձին լրագրողները այն ժամանակներում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ