Aravot.am-ը Դիլիջանի միջազգային դպրոցի պատասխանատուներից հետաքրքրվեց, թե դպրոցի հսկայական տարածքով շինարարությունը, որի համար միլիոնավոր դոլարներ են ներդրվում, սկսելուց առաջ արդոք չե՞ն ուսումնասիրել տեղանքը եւ չե՞ն իմացել, որ դպրոցը կառուցվում է սողանքային գոտում, եւ եթե իմացել են միջոցառումներ իսկապե՞ս չեն ձեռնարկել ինչպես որ երեկ ասուլիսում պնդել է «Ինժեներ-երկրաբան» ընկերության նախագահ Ռուբեն Յադոյանը:
Երկրաբանը նշել էր, որ Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում մասնավոր ներդրողը շինաշխատանքները սկսելուց առաջ հակասողանաքային միջոցառումներ չի իրականացրել, ինչը վտանգավոր է կառույցի հետագա շահագործման համար: Ռուբեն Յադոյանը վստահեցրել էր, որ այդ սողանքային գոտում կառուցվող բոլոր շենքերը քանդվելու են:
«Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ տեղանքը մանրամասն ուսումնասիրվել է, արդեն իսկ նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր հնարավոր ռիսկերը եւ այդքան մեծ ներդրումներ անելուց առաջ, բնականաբար, աշխատանքներ տարվել են եւ դրանք ընթացքի մեջ են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասացին Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրն իրականացնող IDeA հիմնադրամից:
Դպրոցի պատասխանատուների ներկայացմամբ, շինարարությունը վերահսկվում է միջազգային եւ տեղացի մասնագետների կողմից եւ պարբերաբար հայ, ռուս եւ բրիտանացի մասնագետները այցելում են շինարարության տարածք եւ հետեւում աշխատանքների ընթացքին. «Նշենք, որ դպրոցի կառուցումը կատարվում է ՀՀ եւ միջազգային նորմերին համապատասխան: Շինարարությունն անցնում է ՀՀ օրենքով սահմանված բոլոր փուլերը եւ փորձաքննությունները: Թե’ նախագծման եւ թե’ շինարարական ընթացքում ամենախիստ պահանջներն են դրված որակի եւ անվտանգության առումով»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ