Aravot.am-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլաս Շմիդտից հետաքրքրվեց` Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կխանգարի՞ Հայաստանին իրագործել ժողովրդավարական արժեքների, ազատ, արդար ընտրությունների անցկացմանը վերաբերող իր ստանձնած պարտավորություններին:
ԵԱՀԿ ներկայացուցիչը խուսափեց կոնկրետ մեկնաբանություններ անել ու փոխանցեց հետևյալը. «Այդ հարցն իմ ուսումնասիրությունների շրջանակում չէ: Ես ուսումնասիրում եմ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը դեմոկրատական սկզբունքների համաձայն: Մենք նաև բազում առաջարկություններ ենք ներկայացրել Հայաստանին»:
Մեր ճշտող հարցին`Մաքսային միության և Եվրամիության սկզբունքային դրույթներում հակասություն չի՞ տեսնում: ԵԱՀԿ ներկայացուցիչը կրկին խուսափողական պատասխան տվեց. «Դա իմ ուսումնասիրության շրջանակը չէ: Չեմ կարծում, որ դա իմ քննարկելիք հարցն է: Ես այդ գործընթացների մասը չեմ կազմում, ուստի որևէ մեկնաբանություն անել չեմ ուզում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ