Մանյա Գրիգորյանն անցել է Երկրորդ համաշխարհայինի, Ադրբեջանի հետ պատերազմի միջով ու մի քանի երկրաշարժեր է տեսել: 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո 93-ամյա կինը ստիպված է ապրել փոքրիկ տնակում («դոմիկ»), որը հազիվ թե տուն հիշեցնի: Գրում է «Դոյչե Վելլե» լրատվականը՝ անդրադառնալով Սպիտակի երկրաշարժից հետո բնակարանով չապահովված մարդկանց:
«Իմ կյանքը դժվար է», – ասում է Գրիգորյանը, – «Չես էլ կարող ասել, որ սա կյանք է: Լոգարան չկա այստեղ, զուգարանն անսարք է, տաքացնելու միջոց չկա: Ինչպե՞ս կարող ես ապրել այստեղ»:
Գայանե Ենգոյանը նույնպես ապրում է «դոմիկում»: Նրա լուսամուտներին ապակու փոխարեն էժանագին ցելոֆան է քաշած:
«Առավոտները սառնամանիք է», – ասում է նա, – «Սա իմ առողջության խնդիրների հիմնական պատճառն է: Շորերս կեղտոտ են, որովհետև ես պետք է ջուր կրեմ դրանք լվանալու համար ու ես լվացքի փոշի գնելու փող չունեմ»:
Կարդացեք նաև
Ենգոյանն ու Գրիգորյանը ընդամենը երկուսն են Գյումրիի բազմաթիվ բնակիչներից, որոնք դեռ սպասում են բնակարան ստանալուն:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի ասելով՝ ժամանակավոր կացարաններում ապրող 3500 ընտանիքներ բնակարան չեն կարող ստանալ, քանի որ նրանք գյուղերից եկել են քաղաքում գործ գտնելու համար կամ որովհետև ստացած բնակարանը վաճառել են:
Այդպիսիններից է երկու երեխաների մայր Սվետա Գաբրիելյանը, որը վաճառել է իրեն հատկացված բնակարանը, քանի որ իրեն աչքի վիրահատության համար գումար էր հարկավոր:
Մարգարյանն ասում է, որ դեռ կկառուցվեն որոշ բնակարաններ և ցածր գներով և հատուկ պայմաններով կտրվեն կարիքավորներին: Բայց մինչև դա տեղի ունենա, մարդիկ կշարունակեն ձմեռները մահանալ Հայաստանում, ասում են տեղացիները:
«Երբ շատ ցուրտ է, որոշ մարդիկ պարզապես գնում են քնելու», – ասում է Սվետա Գաբրիելյանը, – «Առավոտյան նրանց հայտնաբերում են ցրտից մահացած»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ