ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի արժեքը շատ ավելի մեծ է, քան կառավարության կողմից հայտարարված թվերը: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով 300 մլն դոլար պարտքին, որն ըստ էներգետիկայի նախարարի, Հայաստանը պարտք է Ռուսաստանին, ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ իր համար առնվազն անհասկանալի է, թե ինչո՞ւ է կառավարությունն, ընդհանրապես պարտքի մասին խոսում:
Արծվիկ Մինասյանը հիշեցնում է, որ գնորդը Հայաստանի Հանրապետությունը չէ, այլ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը. «Պարտք առաջանալու և ՀՀ-ի բեռը դրանից մեծանալու տեսակետից՝ անտրամաբանական է որևէ թիվ ներկայացնելը: Իրավական, տնտեսական և քաղաքական հարթությունները խառնվել են իրար, և սրանից օգտվում են այն մարդիկ, որոնք պարզապես պղտոր ջրում ձուկ են փորձում որսալ»:
Պատգամավորի կարծիքով, պաշտոնատար անձանց մի զգալի հատվածը չի տիրապետում համակարգին, հետևաբար ինչ-որ հայտարարություններ են անում՝ շփոթմունքի մեջ գցելով մեր ժողովրդին: Նա նշեց, որ շուտով գրավոր հարցում են ուղղելու կառավարությանը եւ պատասխաններ են պահանջելու այդ գործարքի վերաբերյալ:
Ի դեպ, երեկ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը` հարցին` ինչո՞ւ գազի գինը ՀՀ բնակչության համար չի էժանանում, այն պարագայում, երբ ՌԴ նախագահը հայտարարեց, որ ՀՀ-ն գազ է ստանալու ներռուսաստանյան գներով, բավականին երկար` թուղթ ու գրիչով, սխեմաներով, բացատրում էր, որ ՌԴ-ից Հայաստան հասնող գազի համար նաեւ վրացական տրանզիտի գինն է ավելանում: Պարոն Մինասյանն ասաց, որ ինքը լավ չի հիշում, թե ե՞րբ է Հայաստանում գազը թանկացել ու չպատասխանեց հարցին, թե որտեղի՞ց է կուտակվել այն պարտքը, որի մասին խոսում են կառավարության ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել էր, որ «ՀայՌուսգազարդի» բաժնեմասը «Գազպրոմին» վաճառվել է պարտքի դիմաց , իսկ մինչ այդ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ այդ գործարքը կնքվել է գազի թանկացումից հետո՝ երեսուն տոկոս սուբսիդավորման դիմաց: ՀՀԿ-ական պատգամավորից ցանկանում էինք հետաքրքրվել` ի վերջո, ո՞ր պաշտոնյան է ստում, որի տարածած տեղեկատվությունն ընդունել ի գիտություն: Պարոն Մինասյանը, սակայն, թույլ չտվեց հարցն ավարտել. «Ինձ մի ասա, է, ով ինչ է ասում, որովհետեւ ես կսկսեմ հուզվել»:
Որ առանց խորհրդարանի հաստատմանը ներկայացնելու, կառավարությունն իրավունք չուներ «ՀայՌուսգազարդ» ընկերության իր 20 տոկոս բաժնեմասը վաճառել ռուսական կողմին, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ սահմանված ընթացակարգի, վաճառքի ենթակա օբյեկտը, նախ պետք է ներառվեր սեփականաշնորհման տարեկան ցանկում, որն էլ պետք է հաստատվեր խորհրդարանի կողմից: Եվ, քանի որ, սահմանված ընթացակարգով չի կայացել սույն գործարքը, Արծվիկ Մինասյանը բոլոր հիմքերը տեսնում է այն անվավեր համարելու համար: «Իրար հակասող հայտարարություններ են հնչում մի կողմից ռուսական պաշտոնական ներկայացուցչի, մյուս կողմից Հայաստանի պաշտոնական ներկայացուցչի բերաններով: Եթե ռուսական գազի գինը փոխկապակցվում է Ռուսաստանի ներքին գների հետ, դա գնագոյացման լրիվ այլ համակարգ է ենթադրում, և այս դեպքում որևէ առնչություն չունի ՀՀ պետական սահմանը, որովհետև գնորդը ոչ թե ՀՀ-ն է, այլ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, որը հանդիսանում է «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը: Երկրորդ հանգամանքը, որևէ ձևով չի կարելի կապակցել Վրաստանին տրվող տրանզիտ փոխանցման վճարը մեր գազի գնի հետ, որովհետև դրա բեռը կրում է մատակարարողը: Այս դեպքում մատակարարողը «Գազպրոմն» է: Այսինքն՝ այս արժեքը մտցնել Հայաստանին վաճառվող գնի մեջ, որևէ տրամաբանության մեջ չի մտնում»:
Ի դեպ, ի պատասխան պարոն Մինասյանի այդ հարցի, խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ ՀՀ բնական պաշարների եւ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ «ՀայՌուսգազարդի» գործարքը խորհրդարանի վավերացմանը կներկայացվի միջազգային պայմանագրի շրջանակներում: Այս դեպքում, ՀՅԴ-ական պատգամավորը կարծում է, որ առնվազն պետք է միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգը պահպանել:
Արծվիկ Մինասյանի կարծիքով, նույն հակաօրինական գործարքը նաեւ «Որոտան» հէկ-երի համակարգի վաճառքի դեպքում է. «Որևէ ձևով, որևէ մեկին իրավունք տրված չէ նաև «Որոտան» հէկ-երի համակարգը վաճառել, որովհետև սեփականաշնորհման մասին օրենքում այս կազմակերպությունները չկան, իսկ եթե չկան, նշանակում է վաճառքի ենթակա չեն: Սա պարզ տրամաբանություն է, ես զարմանում եմ, որ կառավարությունը չի կարողանում իրավական տեսակետից հսկի այս գործընթացը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Եթե Արծվիկ Մինասյանը զարմանում է, ապա ես համոզված եմ, որ Հայաստանում շատ մարդիկ կգտնվեն, որոնք կզարմանան թե Արծվիկ Մինասյանը զարմանում է: