Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ ոսկերիչ. «Սասունցի Դավիթ» հարգորոշումը դնելիս զարդը փչանում է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2013 16:37

«Կան 6-7 գրամանոց թեւնոցներ, որոնց փականի օղակի վրա հնարավոր չէ ե’ւ «Սասունցի Դավիթ» նշանով հարգադրոշմ դնել ե’ւ տվյալ կազմակերպության տարբերանիշը»,-այսօր Էկոնոմիկայի նախարարությունում գործարարների համար կազմակերպված հավաքի ժամանակ այսպիսի դժգոհություն ներկայացրեց հարգորոշում իրականացնող կազմակերպություններից մեկի ղեկավարը:

Նշենք, որ օրերս ոսկու բիզնեսով զբաղվող մի խումբ տնտեսվարողներ բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ այս նախարարության, որը ստուգումների արդյունքում պարզել էր, որ բազմաթիվ ոսկյա զարդերի վրայից բացակայում է հարգորոշումը կամ այն լավ չի երեւում, ինչի համար էլ ոսկերիչներին տուգանել էր:

Ի պատասխան գործարարի մտահոգությանը, Էկոնոմիկայի նախարարության Թանկարժեք մետաղների վերահսկողություն իրականացնող բաժնի գլխավոր մասնագետ Գեւորգ Գյոզալյանն ասաց, որ երկու նշանների առկայությունն էլ պարտադիր է եւ մեկն ու մեկի բացակայությունը կամ թերի երեւալը օրենքի խախտում է:

Մասնագետը նաեւ թվարկեց, թե որ դեպքերում են թույլ տալիս, չդրոշմել` եթե զարդը մեկուկես գրամից պակաս է, կամ պատմական արժեք ներկայացնող է:

Նույն խնդիրը նաեւ մտահոգում էր գործարարների հավաքին մասնակցող սիրիահայ գործարարներից մեկին, որն ասաց, թե կան այնպիսի զարդեր, որոնց վրա «Սասունցի Դավիթ» հարգորոշումը դնելու դեպքում զարդը կփչանա:

Գեւորգ Գյոզալյանի մեկնաբանությունները` տեսանյութում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանն ասաց, որ գործարարների հետ հանդիպում կազմակերպելու նպատակը նրանց իրազեկելն է, թե երբ եւ որ ընկերությունների մոտ են իրականացվելու ստուգումներ, նաեւ ստուգումների օրենքին ծանոթացնելն է:

Այս քննարկմանը նաեւ մասնակցում էին սիրիահայ գործարարներ: Պարոն Խալիկյանի խոսքերով, սիրիահայերը, որոնք հիմնականում ներգրավված են ոսկու բիզնեսում «շատ բարեխիղճ տնտեսվարող են եւ բարեխիղճ հարգորոշում են իրենց զարդերը»:

Ինչ վերաբերում է, թե ամենաշատ խախտումները որ ապրանքային շուկայում է, ապա տեսչության պետն ասաց, որ անցյալ տարի մեծ խմբաքանակով խաղալիքներ են հանել շուկայից, որոնք երեխաների առողջության համար կարող էին վտանգ ներկայացնել: Այս տարի խաղալիքների մասով վիճակն ավելի լավ է:

Տեսչությունը Ամանորի նախաշեմին ստուգումների շեշտը դնում է հենց խաղալիքների վրա, ամռան վերջին` դպրոցական պարագաների:

Անդրադառնալով ոսկու շուկայի աշխատակիցների դժգոհություններին, պարոն Խալիկյանն ասաց, որ ամենաշատ խախտումներն իրենք հայտնաբերել են հենց «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031