Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Հայաստանին թունելո՞վ է տանում Մաքսային միություն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2013 15:58

«Պուտինի այցը Հայաստան պետական այցի ծաղր էր»,-այսօր Մամուլի ազգային ակումբում ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ «Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները. Վիլնյուսից հետո» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նա որպես հիմնավորում ներկայացրեց այն, որ անկումային տրամադրություն ունեին երկու նախագահները:

Այնուհետև անդրադարձ կատարեց այն հարցին, թե ինչ է շահել Հայաստանը ՌԴ-ի հետ համագործակցության նախորդ տարիների ընթացքում. «Կյանքը ցույց է տվել, որ ՌԴ-ի հետ կապված տնտեսական ծրագրերի մեծ մասը կամ ձախողվել է, կամ սառեցված վիճակում է: Օրինակ՝ գույք պարտքի դիմաց ծրագիրն իրականացվեց, որի շրջանակներում կարևոր ռազմավարական օբյեկտներ հանձնվեցին Ռուսաստանին, որոնք այսօր ոչ թե աղետալի վիճակում են, այն համենայնս դեպս, լավ բան չեն տվել, որ իմանայինք մի բան շահել ենք»:

Արմինե Օհանյանը հորդորեց չհավատալ նույնիսկ «Նաիրիտի» հետ կապված այն պնդումներին, թե «Նաիրիտի» հարցը լուծվելու է ու հավելեց. «Նաիրիտի մասին ասվածները բլեֆ են, ռուսները նույնիսկ չեն էլ այցելել «Նաիրիտ»»:

Վերլուծելով այն գործընթացը, որի արդյունքում Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Սյտոպա Սաֆարյանն ասաց. «ՀՀ իշխանությունները պարտավորություններ էին ստանձնել Ռուսաստանի առաջ: Բանը հասավ նրան, որ անցյալ տարվա օգոստոսի ութին ասացին, որ կամ գազի պարտքը վճարում եք, կամ մտնում եք Մաքսային միություն: Այս ընթացքում Սերժ Սարգսյանը արևմուտքին ասում էր, թե աչք փակեք այս ամենի վրա, մեկ է Հայաստանը գալու է Եվրոպա: Բայց Ռուսաստանն ասաց, Տիգրան Սարգսյան, ո՞ւր է ճանապարհային քարտեզը, որն աշնանը պետք է արդեն պատրաստ լիներ: Պատրաստ չէր ու սկսվեց կոմպրոմատների հոսքը՝ էլ օֆշոր, էլ կազինո, որի արդյունքում Սերժ Սարգսյանը սեպտեմբերի երեքին հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին: Հիմա հայտնվել ենք Մաքսային թունելում, որից այն կողմ լույսը չի երևում: Իսկ Սերժ Սարգսյանին հանձնարարություն է տրված, որ Հայաստանում տարբեր գործիչներ ու չինովնիկներ ներկայացնեն Մաքսային միության բարեմասնությունները»:

ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը շեշտադրում կատարեց ազատ կամարտահայտման ընտրության մասին ու փաստեց, որ այս պահի դրությամբ չենք կարողանում ընտրել մեր ուղղությունը: Անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն դիրքերն ամրապնդելու է Կովկասում, նա ասաց. «Նա Մաքսային միության լեզվով ասաց՝ дальше некуда»: Այնուհետև ասաց, որ ՌԴ-ն միջազգային նորմեր ու կոնվենցիաներ է խախտում, ռուսական ինքնաթիռները զորավարժություններ են կատարում բնակավայրերի վերևում՝ վտանգելով մարդկանց անդորրն ու կյանքը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Անժելա Խաչատրյանը նշեց. «Եվրոպական ստանդարտները խիստ են լինելու, ինչը ՌԴ-ի դեպքում չենք ունենալու, ուստի գործարարների և գործարար պաշտոնյաների մեծ մասը դեմ կլիներ: Եվ մեկ էլ պետք չէ ամեն անգամ մատի փաթաթան դարձնել անվտանգության երաշխիքները: Իսկ որևէ մեկը ասո՞ւմ է, որ Ռուսաստանը վաճառում է  զենք մեր անվտանգության սպառնալիք հանդիսացողին»:

Ամփոփելով՝ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը խորհուրդ տվեց վատատեսական տրամադրվածությամբ չավարտել քննարկումը, քանի որ ԵՄ-ն վերանայելու է Հայաստանի հետ արևելյան գործողությունների պլանը, ինչը նշանակում է համագործակցության շարունակում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031