Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառով հանդես եկան Արկադի Վարդանյանի պաշտպանները՝ Ռուբեն Կիրակոսյանը եւ Գայանե Գալոյանը:
Մոսկվայից ժամանած Ռ. Կիրակոսյանն ասաց, որ իրականում հետապնդվել է Արկադի Վարդանյանի քաղաքական գործունեությունը եւ կատարվածը կենցաղային հանցագործություն չէ, որ «ցանկանում էր սպանել պապիկի»:
Նա ասաց, որ Ա. Վարդանյանը եղել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին եւ ԱԱԾ մարմինները ակտիվություն են ցուցաբերել, լսել նրանց խոսակցությունները: Պաշտպանն իր զարմանքը հայտնեց, որ ահաբեկչությունն ապացուցված չէ եւ ԱԱԾ մարմինը այդ գործը չի ուղարկել այլ կառույցներ:
Ռուբեն Կիրակոսյանն անդրադարձավ քննչական գործողություններին, մասնավորապես՝ որ Արկադի Վարդանյանի հետ առերեսումներ չեն կատարվել, չի հետազոտվել ոչ սպանությունը նախապատրաստող Արսեն Ավետյանի հոգեկան վիճակը, որն անգամ մեր ազգային մենթալիտետի համար չափազանց անհրաժեշտ էր, քանի որ որդին «փորձում» է նախապատրաստել սպանություն հոր նկատմամբ, որպիսին չի լինում:
Կարդացեք նաև
Նա ուշադրություն հրավիրեց նաեւ այն արտահայտությանը, որ թույլ էր տվել ամբաստանյալներից երրորդը՝ Վարուժան Սավտալյանը, որը բնորոշելով Արսենին, ըստ պաշտպանի, նրան որակել էր «ֆանտազյոր»: «Մենք գործ ունենք մի մարդու հետ, որ բառերով կարող է չափազանցնել»,- ասաց նա: Պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Արկադի Վարդանյանը Իսպանիայի քաղաքացիություն էր ստացել, նա լուրջ չի ընդունել Արսեն Ավետյանի ասածները, որը մեկ այլ պաշտպանի՝ Գայանե Գալոյանի բնորոշմամբ՝ լիցքաթափվելու նպատակ է ունեցել:
Պաշտպանական կողմը զարմանք հայտնեց, որ մեղադրանքի կողմը «կլոր թվեր» է ուզում, որ 66-ամյա, երեք վիրահատություն տարած անառողջ մարդու համար շատ է, հավանաբար նրան 10 տարուց հետո իր ոտքերով չենք տեսնի դուրս գա ազատազրկման վայրից: Պաշտպանն ասաց, որ կդիմի միջազգային դատական ատյաններ, ինչը մեր երկրի քաղաքական իմիջին հարիր չէ: Ամբաստանյալ Արսեն Ավետյանը իր պաշտպանական ճառի ժամանակ ասաց, որ «տարօրինակ բանդա» է ստեղծել՝ 1 ակադեմիկոսով եւ 1 հոգեկան հիվանդով: Նախագահող Արշակ Վարդանյանը զգուշացրեց վիրավորական արտահայտություններ թույլ չտալ:
Արսեն Ավետյանն ասաց, որ իրենց հետապնդել են քաղաքական հայացքների համար, որ ամբաստանյալի աթոռին հայ ժողովուրդն է՝ ընդդիմադիր հատվածը, ասաց, որ ամեն ինչ սկսել է նրանից, երբ Արկադի Վարդանյանը ԶԼՄ-ներից մեկում հանդես է եկել հրապարակմամբ՝ կապված Մեղրիի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Մաքսային միության կազմ աշնանը մտնելու մասին տեղեկատվության հետ: Ըստ նրա՝ եթե ինքը մտադիր լիներ հորը սպանել, ապա իրենց մասնավոր սեփականությունը կիսակառույց է, 9 մետրից բաղկացած եւ ինքը կարող էր հրել հորը՝ դժբախտ պատահարի անվան տակ «հասնել իր նպատակին»: Նա հարցրեց, թե որտե՞ղ է տրամաբանությունը: Արսեն Ավետյանը կասկածի տակ դրեց ամբաստանյալ Վարուժան Սավտալյանի կերպարը, դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ երեքին տարել են ԱԱԾ նույն կասկածանքով, սակայն Վարուժանին հարցաքննել են վկայի կարգավիճակով, իսկ իրեն եւ Արկադի Վարդանյանին՝ կասկածյալի: Նա ասաց, որ իրեն եւ Ա. Վարդանյանին գաղտնալսել են այս տարվա ապրիլի 13-ից, մինչդեռ Սավտալյանը պնդել է, որ մայիսի սկզբին է փոխանցել հոգեմետ դեղահաբը:
Արսեն Ավետյանն ասաց, որ քրեական գործ իրականում գոյություն չունի, «շնորհակալություն հայտնեց» ԱԱԾ-ին՝ իր եւ Արկադի Վարդանյանի անմեղության փաստերը հավաքելու համար, չընդունեց իր մեղքը, հերքեց բոլոր մեղադրանքները, ասելով. «Եկեք շոուները դադարեցնենք, սա միջին օղակի սաբոտաժն է պետության առաջին դեմքի վարած քաղաքականության դեմ: Սա ոչ Հայաստանին է պետք, ոչ էլ Հայաստանի իմիջին: Դժվար սենց շոուներով Հայաստանն ինտեգրվի Եվրոպային»: Ի դեպ, որպես նախկին կենսաբան, նա անդրադարձավ նաեւ ազալեպտին կոչվող հոգեմետ դեղին, հայտնելով, որ այն թույն չէ, մահ չի առաջացնում:
Դատարանը առժամանակ հոսանքազրկվել է եւ պաշտպան Գալոյանի ճառը ընդհատվել է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ