Սննդի փաթեթավորման համար նախատեսված թուղթը պետք է ենթարկվի խիստ վերահսկման, այնինչ Հայաստանում դա չի կատարվում: Հայաստանում սննդի համար օգտագործվում են այլ ծառայություններից գոյացած թղթերի մնացորդները, ինչն անթույլատրելի է: Այս մասին նշեց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ:
Ըստ նրա, Հայաստանում կան դրա համար մշակված նորմատիվներ, սակայն դրանք ոչ ոք չի ստուգում: Նա նշեց, որ յուրաքանչյուր սնունդ պետք է ունենա հատուկ իր համար նախատեսված փաթեթավորման թուղթը: Օրինակ՝ հացը չի կարելի դնել ցելոֆանե տոպրակների մեջ, այն պետք է փաթեթավորել հատուկ դրա համար նախատեսված սննդային թղթով, իսկ Հայաստանում շատ քիչ տեղերում են հացը այդպես վաճառում:
Ինչպես նշում է թղթի մասնագետ Ալեքսանդր Ստեփանյանն, իրենք 2012 թվականին կատարել են ուսումնասիրություն. սննդի համար նախատեսված թղթերն ուղարկել են Մոսկվա՝ թղթի ինստիտուտ, որտեղից պատասխան է եկել, որ ուղարկված թղթերի 90%-ի համար եկել է բացասական պատասխան, միայն 10%-ն է համապատասխանում սննդի համար նախատեսված թղթի չափանիշներին: Ըստ Ա. Ստեփանյանի, այդ թուղթը կուտակվելով մարդու օրգանիզմում, կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների պատճառ:
Ա. Ստեփանյանը նշեց, որ ինքը այդ հարցով դիմել է թեժ գիծ, ինչին ի պատասխան նրան զանգել են արտադրողները, որոնք նշել են, որ այդպիսի թղթով փաթեթավորումն ավելի էժան է:
Կարդացեք նաև
Զառա ԱՍԿԱՐՅԱՆ