«Ես ողջունում եմ ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի` գիտության մշակույթը դպրոցներ բերելու նախաձեռնությունը: Դա շնորհակալ գործ է: Մենք միշտ կաջակցենք ձեր ձգտումները` ծանոթանալու գիտական հետազոտությունների հետ: Ակադեմիայի դռները բաց են ձեզ համար»,- դեկտեմբերի 6-ին դպրոցականների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Հանդիպմանը մասնակցում էին 50 դպրոցականներ Հայաստանի տարբեր մարզերից:
Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ակադեմիայի 70-ամյա պատմությունը` նշելով, որ ներկայումս ակադեմիան հաղթահարում է առկա խնդիրները` մասնավորապես կադրերի երիտասարդացման խնդիրը: «Ակադեմիան ավելի քան 4000 աշխատակից ունի, որից 30%-ը երիտասարդներ են»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը: Նա պատմեց հեռանկարային հիմնարար գիտական հետազոտությունների եւ ինովացիոն առաջարկությունների մասին, որոնք Հայաստանում գիտության զարգացման հիմնական ուղղություններն են: Նա նաեւ նշեց կրթության հնարավորության մասին,որը պետք է ստանալ գիտական հետազոտություններին զուգահեռ: «Ակադեմիան այդ հնարավորությունն ունի` տրամադրելով իր գիտական կենտրոնների եւ գիտահետազոտական ինստիտուտների բազաները»,- նշեց ՀՀ ԳԱԱ նախագահը:
Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի եւ երիտասարդ քիմիկոսների ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարդացեք նաև