Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 16-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև համատեղ հայտարարությունից բխող համագործակցության նոր ուղիների և համապատասխան միջոցառումների նախանշումը:
Հարցի հետ կապված Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները` ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանը անդամակցմանը զուգընթաց մենք պետք է շարունակենք Եվրոպական Միության հետ մեր ակտիվ համագործակցությունը և այս կապակցությամբ մեզ համար չափազանց կարևոր է մշակել ՀՀ-ԵՄ գործողությունների հավակնոտ ծրագիր և այդ ծրագիրը պետք է կարողանա խթանել այն բարեփոխումները, որոնք մենք ուզում ենք իրականացնել Եվրոպական Միության մեր գործընկերների հետ միասին: Այսօր նախ ամփոփելու ենք Հայաստան-Եվրամիություն 2012-2013թթ. գործողությունների ծրագրով կատարված աշխատանքները և երկրորդը` պետք է մշակենք 2014-2015թթ. նոր ծրագիր` հաշվի առնելով նաև վիլնյուսյան վերջին գագաթաժողովի արդյունքները, որտեղ հստակ նախանշվեց, որ պետք է արդիականացնենք ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրը»:
ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը Հանրապետության նախագահին կներկայացվի ստորագրման մյուս տարվա հունվարի վերջին:
Կարդացեք նաև
Նիստում միջգերատեսչական հանձնաժողովի անդամերը հանդես եկան ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի կատարողականի, իրականացված կարևորագույն միջոցառումների` իրենց գերատեսչությունների մասով կատարված աշխատանքների մասին զեկույցներով:
Հանձնաժողովը քննարկեց կազմակերպական այլ հարցեր ևս:
ԱԱԽ մամուլի հաղորդագրություն