Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ավետյանը քաղաքական շոու է համարում քրեական գործը

Դեկտեմբեր 06,2013 14:36

Arkadi_Vardayan_02 Arkadi_Vardayan_01Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Ռոբերտ Ավետյանի սպանության նախապատրաստման գործով պաշտպանական ճառերով հանդես եկան տաքսու վարորդ Վարուժան Սավտալյանի պաշտպան Անահիտ Ավետիսյանը, Վարուժան Սավտալյանը միացավ իր պաշտպանի ճառին, Գյուղակադեմիայի նախկին դասախոս Արսեն Ավետյանը եւ նրա պաշտպան Գեւորգ Մելքոնյանը:

Գեւորգ Մելքոնյանն ասաց, որ անհիմն է առաջադրված մեղադրանքը եւ իր պաշտպանական ճառը կառուցեց «ենթադրությունների, ենթադրյալ հանցագործության» համատեքստում: Ըստ նրա, եթե իր պաշտպանյալը ձեռք է բերել ազալեպտին հոգեմետ դեղահաբերը, ապա այն չէր կարող համարվել մահ առաջացնող, քանի որ այն ոչ միայն ընդգրկված չէ կառավարության որոշման ցանկում, այլ առողջապահության նախարարի նորմատիվ հրամանով սահմանված հոգեմետ դեղերի ցանկում: Նա գտնում էր, որ հոգեմետ դեղահաբի ձեռքբերման մասով պետք է Ավետյանին առաջադրված մեղադրանքը փոխվի:

Պաշտպանն անդրադարձավ նաեւ Ա. Ավետյանի կողմից հանցագործության նախապատրաստման դրվագին: Նա հարցնում էր՝ արդյո՞ք իր պաշտպանյալը իր հորը կյանքից զրկելու դիտավորություն է ունեցել, արդյոք չի՞ դադարեցրել նախապատրաստումը եւ հղում անելով Արսեն Ավետյանի եւ Վարուժան Սավտալյանի միջեւ հեռախոսազանգերին, բառացի մեջբերեց հետեւյալ խոսակցությունը. Վարուժանի հարցին, թե ինչպե՞ս ես, Արսեն Ավետյանը պատասխանում է՝ «հը, ոչ մի բան»: Վարուժանը շարունակում է, թե մինչեւ ամսի 25-ը ինքը կվերցնի դեղահաբը: «25-ի՞ն»,- զարմացած հարցնում է Արսենը եւ ապա հետեւում է՝ պետք չէ: Ըստ պաշտպանի, խոսակցությունը բացել է Վարուժանը եւ չփարատված կասկածները պետք է փարատի մեղադրանքի կողմը:

Գ. Մելքոնյանը հարցեց, թե ինչու ԱԱԾ-ն չի սպասել մինչեւ հեռախոսազրույցի ժամանակ լսված ամսի 25-ը, որպեսզի իրեղեն ապացույցներով ձերբակալեին, այլ մայիսի 14-ի գաղտնալսումից հետո են ձերբակալել:

Ի դեպ, պաշտպանն ուշադրություն հրավիրեց, որ ամբաստանյալ Վարուժան Սավտալյանը ցուցմունք է տվել, որ Արսեն Ավետյանը հոգեմետ դեղահաբը մարտ ամսին է ուզել, մինչդեռ ըստ մեղադրանքի կողմի՝ մայիսի 5-ին իմանալով, որ Ռոբերտ Ավետյանը ժառանգությունից զրկելու մտադրություն ունի, «շահադիտական դրդումներով» օժանդակել է հոգեմետ դեղի ձեռքբերմանը:

Պաշտպանը համաձայն չէր նաեւ, որ Սարմենի փողոցում եռահարկ տունը առանձնատուն են համարել: Նա դատարանում ասաց, որ այդ տունը ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է ինչպես Ավետյանի քրոջը, այնպես էլ այլ անձանց եւ որ չկա իրավական հանգամանք, տրամաբանություն, քանի որ Ավետյանը լինելով գրագետ մարդ, ըստ պաշտպանի՝ հոր մահից 6 ամիս հետո, միակ ժառանգը լինելով, կունենար այդ «առանձնատունը»:

Պաշտպանական ճառով հանդես եկավ նաեւ Վարուժան Սավտալյանի պաշտպան Անահիտ Ավետիսյանը: Ըստ մեղադրանքի կողմի՝ ընկերոջից՝ Արսենից տեղեկանալով, որ տուժողը՝ Ռոբերտ Ավետյանը, հայտնել է, որ որդուն եւ թոռանը մտադիր է հանել տան հաշվառումից, վաճառել տունը եւ մեկնել Հայաստանից, ծրագրել է հոգեմետ նյութերով կյանքից զրկել:

Նա 500.000 դրամի պարտք է ունեցել (թեեւ պաշտպանն այսօր 50 հազար դոլար ասաց) եւ ընկերական զգացումներից ելնելով՝ ձեռք է բերել նշված դեղերը:

Իր պաշտպանյալը զղջացել է, նա ունի 3 երեխա՝ 2-ը անչափահաս, իսկ մեկը ծառայում է բանակում եւ ինքնախոստովանական ցուցմունքներով նպաստել է հանցագործության բացահայտմանը:

Պաշտպանը համաձայն էր մեղադրողի միջնորդությանը՝ սահմանված պատիժը պայմանական չկիրառելու միջնորդությանը: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց «հանցագործությունից հետո» իր պաշտպանյալի վարքագծին, որը, ըստ նրա, խոսում է դրական հատկանիշների մասին:

Ի դեպ, Վ. Սավտալյանի համար մեղադրողը միջնորդել էր 3,5 տարի ազատազրկում, որը պայմանական չի կիրառվի նույնքան ժամանակ, իսկ Արսեն Ավետյանի նկատմամբ՝ 11 տարվա ազատազրկում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031