Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը կզբաղվի բռնության և հալածանքների ենթարկվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ

Դեկտեմբեր 06,2013 14:34

Վերջին տարիներին ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ ձերբակալվում են անհնազանդության, դիմադրության,  ոստիկանության պահանջներին չենթարկվելու և այլ, հաճախ շինծու, մեղադրանքներով: Նրանցից շատերը նաև ենթարկվում են քրեական հետապնդման և վարչական տույժերի: Նրանցից գանձվում են տուգանքներ, իսկ նրանց սեփականությունը ենթարկվում է կալանքի: Մեր քաղաքացիների նկատմամբ կիրառվող և սաստկացող բռնություններն ու հալածանքները պահանջ են առաջացրել ստեղծելու մշտապես գործող համաքաղաքացիական և համազգային մարմին, որը պատշաճ կերպով կապահովի  հալածյալների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը:

ՀՀ-ում առկա ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունները գործում են կամ՝ ընդհանուր ձևաչափով, որտեղ այս սոցիալական խումբը չի առանձնացվում, կամ՝ զբաղվում են այլ սոցիալական խմբերի անձանց իրավունքների պաշտպանությամբ: Այս պատճառով, էապես դժվարանում, իսկ երբեմն` անհնար է դառնում քաղհալածյալների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների արդյունավետ պաշտպանության կազմակերպումը:

Հետևաբար, անհրաժեշտություն է ծագել ստեղծելու վերկուսակցական, համաքաղաքացիական և համազգային մի կառույց, որը մասնագիտացված ու համակարգված կերպով կզբաղվի բռնության և հալածանքների ենթարկվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ ու նրանց համար նյութական աջակցություն կազմակերպելով:

Այս խնդիրը լուծելու համար մենք՝ ՀՀ քաղաքացիներ Սուսաննա Սիմոնյանը, Կարո Եղնուկյանը և Տիգրան Խզմալյանը, ստեղծել ենք «Իրավունք և աջակցություն» հիմնադրամը:

Հիմնադրամը հանդիսանում է ՀՀ-ում քաղբանտարկյալներին, քաղաքական հալածանքների և ճնշումների ենթարկված քաղաքացիներին իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված նախաձեռնություն:

Իրավական օգնություն ցուցաբերող սույն հիմնադրամը նպատակ ունի մասնագիտական և նյութական  աջակցություն ապահովել հալածյալ քաղաքացիներին, իսկ նրանց ազատազրկման դեպքում  ցուցաբերել օգնություն նաև նրանց ընտանիքների անդամներին:

Հիմնադրամն իր նպատակների համար դիմելու  է ՀՀ քաղաքացիների, սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների օգնությանը: Այն հիմնվելու է արդարության, անաչառության և թափանցիկության սկզբունքների վրա` բացառելով գաղափարական և այլ հիմքերով որևէ խտրականություն:

Հիմնադրամը նպատակ ունի դառնալ մեկ համընդհանուր վահան, որն իր պաշտպանության տակ է առնելու և աջակցություն է ցուցաբերելու ցանկացած քաղաքացու ու նրա ընտանիքի անդամի, եթե նրանք քաղաքական շարժառիթով ենթարկվում են բռնության և հալածանքի, կամ՝ տուժել են դրանց հետևանքով: Այդ աջակցությունը ներառելու է, ինչպես փաստաբանական ծառայություններ, այնպես էլ մասնագիտական, նյութական և այլ անհրաժեշտը օժանդակություն հալածյալին և նրա ընտանիքին:

Հիմնադրամը, վերոհիշյալ գործունեությունը իրականացնելու համար ուղիղ կապեր է հաստատելու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային և միջազգային համապատասխան կառույցների և հեղինակավոր ատյանների հետ նրանց աջակցությունը ապահովելու  նպատակով:

 

«Իրավունք եւ աջակցություն»
հիմնադրամի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031