Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունաբերական խորհրդի նիստում վարչապետին է ներկայացվել և նվիրվել հայկական արտադրության առաջին պլանշետը

Դեկտեմբեր 06,2013 14:28

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստն սկսվել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) և առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies» ընկերությունը նախաձեռնել է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրություն Հայաստանում: Մասնավորապես, ընկերության նախագահ Վահան Շաքարյանը տեղեկացրել է, որ արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոն (Armphone): Նա նշել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում: Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը և վաճառքն սկսել 2014 թ. հունվար-փետրվար ամիսներին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետ: Քննարկվել են ինչպես հայաստանյան ներքին շուկայում, տարբեր ոլորտներում այդ պլանշետների կիրառման, այնպես էլ միջազգային շուկա դրանց արտահանման կազմակերպման հեռանկարները:

Օգտվելով առիթից՝ պարոն Շաքարյանը վարչապետ Սարգսյանին է նվիրել հայկական արտադրության առաջին պլանշետը և հույս հայտնել, որ այն կօգնի առօրյա աշխատանքում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել շնորհանդես և հանրությանը ներկայացնել հայկական արտադրության առաջին դյուրակիր համակարգիչները:

Հաջորդիվ խորհրդի անդամների քննարկման են ներկայացվել «Հայաստանի տեքստիլ և տրիկոտաժի ոլորտի զարգացման ռազմավարությունը», «Հայաստանում կոշիկի արտադրության զարգացման ռազմավարությունը» և դրանց իրականացումն ապահովող «Թեթև արդյունաբերության ոլորտի 2014-2016 թթ. գործողությունների ծրագիրը»: Անդրադարձ է եղել նշված ոլորտներում առկա ներկայիս իրավիճակին և միտումներին, առաջարկվող ռազմավարական զարգացման ուղղություններին, ինչպես նաև դրանցից բխող կոնկրետ գործողությունների ծրագրին և նախատեսվող բյուջեին: Ներկայացված փաստաթղթերի ծավալուն քննարկումից և հաստատումից հետո կառավարության ղեկավարը հանձնարարել է նախապատրաստել ոլորտների համագործակցության հուշագիր՝ այն մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ստորագրելու համար:

Մեկ այլ հարցով հաստատվել են նաև «Ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի 2012-2015 թթ. գործողությունների ծրագրում» կատարված փոփոխությունները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031